The Irish Times: Իռլանդիայի վարչապետը ուղերձ է հղել հայերին
Իռլանդիայի վարչապետ Էնդա Քիննին իր վշտակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ 1915-22թթ 1.5մլն մարդկանց կյանք խլած «զանգվածային կոտորածների» հարյուրամյակի կապակցությամբ:
Հայաստանը և իր մեծ Սփյուռքը Երևանում անցկացնում են հիշողության միջոցառումներ զանգվածային սպանությունների հարյուրամյակի առթիվ: Իռլանդիայի դեսպանը Հայաստանում Ջոն Բիգգարը մասնակցելու է այս միջոցառումներին:
Իռլանդիայում հայկական համայնքի առաջնորդներից Փոլ Մանուկը, ով նաև ներգրավված է Իռլանդիայի հայկական եկեղեցում, նախապես նամակ էր հղել երկրի վարչապետին՝ նրան հրավիրելով մասնակցել կիրակի օրը եկեղեցում կայանալիք ոգեկոչման միջոցառմանը:
Վարչապետ Քիննին պատասխանել է, որ չի կարողանալու մասնակցել եկեղեցական պատարագին եւ ցավակցություններն է հայտնել, մասնավորապես նշելով. «Այստեղ Իռլանդիայում մենք իհարկե շատ լավ գիտենք, թե ինչքան դժվար է անցյալի հետ հաշտվելը և հաշտեցման ճանապարհով գնալը: Ճիշտ է, որ Իռլանդիայի հայկական համայնքը ոգեկոչելու է այդ իրադարձությունները հիշատակի պատարագով»:
Փոլ Մանուկը ասել է, որ տպավորված է վարչապետի նման պատասխանով, բնութագրելով այն «շատ զգայուն եւ ըմբռնող», միևնույն ժամանակ կոչ անելով Իռլանդիայի կառավարությանը ճանաչել հայերի մասսայական կոտորածները, որպես ցեղասպանություն:
Վարչապետի նամակում նաև նշվում էր, որ երկրի նախագահ Մայքլ Հիգգինսը վերջերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին էր փոխանցել իռլանդացի ժողովրդի ցավակցությունները անցյալ դարասկզբին հայերի վիթխարի տառապանքների առիթով:
Մյուս շաբաթվա ընթացքում արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները հավանաբար կհրավիրվեն պառլամենտի Արտաքին կապերի և առեւտրի համատեղ հանձնաժողով՝ բացատրելու, թե ինչու են խուսափում հայերի կոտորածները ցեղասպանություն անվանելուց:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին