ԱԺ նախագահ. Հայ-կանադական հարաբերությունների օրակարգը դարձել է առավել ընդգրկուն
Կանադայի հայ համայնքը օրինակելի համայնք է և մեծ ներդրում ունի Կանադայում ամենատարբեր ծրագրերի իրականացման գործում: Նման կարծիք է հայտնել Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրը Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության անդամների հետ հանդիպմանը:
Նշենք, որ պատվիրակության կազմում են պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Հովհաննես Սահակյանը, Ռուզաննա Մուրադյանը, Արտակ Զաքարյանը, Թևան Պողոսյանը, Իշխան Խաչատրյանը, Հրանտ Բագրատյանը, Լյովա Խաչատրյանը և Աղվան Վարդանյանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Գալուստ Սահակյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ հյուրընկալության համար, վստահություն է հայտնել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը բարեկամ երկիր՝ Կանադա, կնպաստի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը և նոր շունչ կհաղորդի միջպետական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Խոսելով երկու երկրների խորհրդարանական համագործակցության մասին՝ Ազգային ժողովի նախագահը նկատել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ հարաբերությունների օրակարգը դարձել է առավել ընդգրկուն՝ ներառելով համագործակցության տարբեր ոլորտներ: ԱԺ նախագահը փաստել է, որ հայ-կանադական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձևաչափը կարևոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարևոր բաղկացուցչի:
Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունն է հայտնել կանադական կողմին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի կարգավիճակի բարձրացմանը հետևողականորեն աջակցելու համար:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Գալուստ Սահակյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ խնդիրը խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու մոտեցումը:
Կանադայի Համայնքների պալատի խոսնակ Էնդրյու Շիրը շնորհակալություն է հայտնել հայկական պատվիրակությանը Կանադա այցելելու համար և նշել, որ կարևորում է նման հանդիպումները պաշտոնյաների միջև. համագործակցությունը կզարգանա նման հանդիպումներով և երկխոսությամբ: Նա կարևորել նաև համագործակցությունը Հայաստանի հետ և նշել, որ ջանք չեն խնայի խաղաղության վերջնական հաստատման համար:
Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գործընկերոջը հրավիրել է Հայաստան:
Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի կանադական գործադիր կոմիտեի անդամների հետ: Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին լիիրավ անդամակցելու մասին, որը ձեռք է բերվել վերջերս նաև կանադական կողմի աջակցությամբ: Քննարկվել է նաև 2015 թվականի հոկտեմբերին Երևանում նախատեսվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի անցկացման հարցը: