Յուկիա Ամանո. ԱԷՄԳ-ի փորձագետները պետք է Իրանի ռազմական հաստատություններ մուտք գործելու թույլտվություն ստանան
«ԱԷՄԳ-ի փորձագետները պետք է Իրանի ռազմական հաստատություններ մուտք գործելու թույլտվություն ստանան»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Յուկիա Ամանոն:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը Փարիզում ֆրանսիացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, նշել է. «Եթե կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվի, ապա համաձայն կից արձանագրության՝ ԱԷՄԳ-ի փորձագետները պետք է կասկած հարուցող բոլոր հաստատությունները մուտք գործելու թույլտվություն ստանան և այնտեղ ստուգումներ իրականացնեն»:
«BBC» լրատվական գործակալության իրանական ծառայության հաղորդմամբ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Փարիզը Իրանի միջուկային խնդրի շուրջ ձեռք բերված ցանկացած համաձայնության դեմ կարտահայտվի, եթե արգելվի Իրանի ռազմական հաստատություններում ստուգումներ անցկացնել:
Նշենք, որ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը, օրերս անդրադառնալով վերոնշյալ խնդրին, մասնավորապես նշել էր. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները պահանջ են ներկայացրել, որպեսզի ստուգումներ իրականացնեն Փարչինի ռազմական հաստատությունում, սակայն մենք համաձայնություն չենք տվել: Իրանի Իսլամական Հանրապետությունն այդ հարցում շատ պարզ հայտնել է իր տեսակետը և այն փոփոխման ենթակա չէ»:
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին էլ օրերս «Էմամ Հոսեյնի» անվան ռազմական ակադեմիայում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցությունների ընթացքում ժամանակ առ ժամանակ հնչող պահանջներին, մասնավորապես նշել էր. «Բանակցությունների ընթացքում կրկին նոր պահանջներ են հնչում, ասում են, թե պետք է միջուկային ոլորտում աշխատող իրանցի գիտնականների հետ զրույցներ վարեն, այսինքն` հարցաքննություն անցկացնեն: Ես թույլ չեմ տա, որ օտարները մեր գիտնականների հետ հանդիպում ունենան»:
Հավելենք, որ ս.թ. ապրիլի 2-ին Իրանի և «5+1 խմբի»` Լոզանում արված համատեղհայտարարության համաձայն` միակ հաստատությունը, որտեղ ուրան կհարստացվի, դա Նաթանզը կլինի: Ուրանի հարստացման Ֆորդոյի հաստատությունը կվերածվի միջուկային ֆիզիկայի կենտրոնի, իսկ Արաքի ծանր ջրի ռեակտորը միջազգային համապատասխան կազմակերպությունների աջակցությամբ կարդիականացվի. պլուտոնիումի արտադրության ծավալները կնվազեն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին