Քաղաքագետ Մարկարովը Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի ու Լավրովի այցի մասին
«Եթե մենք հարցը դիտարկում ենք ռուս-ադրբեջանական հարաբերությունների տեսանկյունից, ապա այցը կրում էր աշխատանքային բնույթ»: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցին:
Բանախոսի խոսքով, նմանատիպ այցեր տեղի են ունենում այն երկրների փոխհարաբերություններում, որոնք ունեն աշխատանքային, որոշ դեպքերում նաև բարեկամական հարաբերություններ:
Ինչ վերաբերում է կոնկրետ այս այցի շարժառիթներին, ապա ըստ Մարկարովի, հստակ է, որ Մոսկվան Ադրբեջանի հետ ունի ինչպես աշխատանքային, այնպես էլ բավական խնդրահարույց հարցեր:
«Ենթադրաբար այն խնդիրներից մեկը, ինչի պատճառով ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը այցելել է Ադրբեջան ԼՂ հակամարտության շուրջ ծավալվող զարգացումներն են: Կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը հերթական անգամ փորձում է պարզել պաշտոնական Բաքվի մոտեցումները բանակցային գործընթացի մաս կազմող տարաբնույթ հարցերում»,- ասել է քաղաքագետը:
Ինչ վերաբերում է հարցի ձևական, այլ ոչ թե բովանդակային մասին, ապա ըստ Մարկարովի, ռուս-ադրբեջանական հարաբերությունները ընթանում են բնականոն հունով և ելնում են այն իրողությունից, որ Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները որևէ կերպ չեն ազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացքող խաղաղ բանակցային գործընթացի վրա, մեր զրուցակիցը տարակուսանք հայտնեց՝ նշելով, որ չի հասկանում ինչ ազդեցություն կարող են ունենալ ՏԻՄ ընտրությունները ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վրա:
«Դժվարանում եմ այստեղ տրամաբանական կապ գտնել, սակայն որոշակի ենթադրություններ անել կարելի է: ՏԻՄ ընտրությունների ժամանակ ձևավորվում են համապատասխան մարմիններ, որոնք բնականաբար ստանում են լեգիտիմություն, ինչի արդյունքում էլ ավելի է ամրապնդվում տվյալ տարածքում առկա դե ֆակտո պետականությունը: Հայկական կողմը իրավունք ունի և կարող է պնդել, որ ընտրությունների անցկացմամբ ամրապնդվում է ԼՂ իշխանությունների լեգիտիմությունը ինչն էլ ավելի է ուժեղացնում է հայկական կողմի դիրքերը բանակցային գործընթացում: Կարծում եմ, սրանով է պայմանավորված, որ Ջեյմս Ուորլիքը ընդգծում է, թե ՏԻՄ ընտրությունները չեն բանակցային գործընթացի հետ»,- նշել է Մարկարովը և հավելել, որ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահը կարող է անել տարաբնույթ հայտարարություններ, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են Հայաստանն ու Ադրբեջանը պատկերացնում Լեռնային Ղարաբաղի ապագան:
«Իսկ այդ պատկերացումները լիովին հակասում են միմյանց»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը, ապա ըստ քաղաքագետի, դրական է, որ հակամարտող կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարները կարող են հանդիպել և երկխոսություն ծավալել, սակայն էականը ոչ թե բանակցությունների փաստն է, այլ հնարավոր արդյունքը:
«Այս տեսանկյունից հստակ է, որ որևէ էական տեղաշարժի հնարավորությունները բավական փոքր են: Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ոչ մեկին չի կարող համոզել, որ Բաքուն հանդես է գալիս որպես կառուցողական և խաղաղ կարգավորման կողմ»,- նշել է քաղաքագետը:
Դրա հետ մեկտեղ, ըստ քաղաքագետի Ադրբեջանը այդուամենայնիվ չի համարձակվի սանձազերծել նոր պատերազմ: Մյուս կողմից, ըստ Մարկարովի, բանակցությունների շարունակությունը նշանակում է, որ կողմերը դեռևս միմյանց հաղորդելու և ասելու բան ունեն, սակայն խնդիրն այն է, որ մտքերի փոխանակումից հետո դրական որևէ տեղաշարժ չի նկատվում:
Անդրադառնալով սահմանային լարվածությանը, քաղաքագետը նշեց, որ սանձարձակ պահվածքը ցավոք սրտի դարձել է Բաքվի որդեգրած հիմնական քաղաքական գիծը, ինչի ապացույցն այն է, որ Ադրբեջանական կողմը սկսել է օգտագործել նաև ականանետներ և ցածր տրամաչափի հրանոթներ:
«Ադրբեջանը մեծացնում է օգտագործվող զինատեսակների տրամաչափը, սակայն իրավիճակը առայժմ շտկվում է ի շնորհիվ հայկական կողմերի ադեկվատ հակազդեցության: Այս ամենը շատ մտահոգիչ է: Միջազգային հանրությունը պետք է գործադրի հնարավոր բոլոր ջանքերը ոպեսզի ստիպի Ադրբեջանին վերջ տալ սադրիչ գործունեությանը »,- նշել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին