Արա Աբրահամյանի կուսակցություն ստեղծել-չստեղծելը նրա որոշելիքն է, որը մեզ չի առնչվում. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադառնալով հարցին, թե երբվանից է կուսակցությունը ակտիվ քարոզչության փուլ մտնելու, ասաց, որ պետք է դանդաղ շտապեն: «Հիմա ոչ թե հնարավորությունները հաշվելու ժամանակն է, այլ քարոզչության ժամանակն է, ինչն էլ թե՛ մեր «Ոչ»-ի, թե՛ «Այո»-ի կողմնակիցները կիրականացնեն»,- ասաց նա:
Նրա խոսքերով՝ ակտիվ քարոզարշավը սկսվել է, և նախևառաջ այն սկսել են լրագրողները: Ըստ Է.Շարմազանովի, չկա մի լրատվամիջոց, որը չանդրադառնա օրը մի քանի անգամ այս թեմային: «Մենք ոչինչ թաքուն չենք անելու, երբ լինեն հստակեցումներ` կտեղեկացնենք»,- ասաց նա` ընդգծելով, որ ՀՀ Նախագահը հանձնարարել է ՀՀ վարչապետին ու հանրաքվեի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանին ձևավորել շտաբներ, ըստ այդմ էլ ժամանակացույցը կհայտարարվի:
Նշենք, որ հանրաքվեի շտաբը ղեկավարելու է Հ.Աբրահամյանը և նրա պարտականությունները չեն դադարեցվելու , նա արձակուրդ չի մեկնելու: «Կա հանրաքվեի մասին օրենք, որը հնարավորություն է տալիս օրենքով սահմանված կարգով իրականացնել և գործադիր մարմնի, ղեկավարի գործառույթները, և հանրաքվեի շտաբի պետի գործառույթները»,- նշեց Է. Շարմազանովը և հավելեց. «Ամեն ինչ պետք է լինի օրենքի տառին համապատասխան, քանի որ մեզ համար կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիների մեծամասնությունը կողմ լինի սահմանադրական բարեփոխումների այս փաթեթին: Ոչ պակաս կարևոր է, որպեսզի հանրաքվեն անցնի լեգիտիմ և ամեն ինչ լինի միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»:
Է.Շարմազանովը նշեց, որ լինելու են մարզային այցելություններ, հեռուստաբանավեճեր, քաղաքացիների հետ հանդիպումներ:
Ինչ վերաբերում է Արա Աբրահամյանի կողմից կուսակցություն ստեղծելու մտադրությանը, ապա Է. Շարմազանովն ասաց, որ այդ հարցը, բնականաբար, ՀՀԿ ԳՄ-ում չի քննարկվել.
«Արա Աբրահամյանի կուսակցություն ստեղծել-չստեղծելը Արա Աբրահամյանի խնդիրն է, նրա որոշելիքն է, որը մեզ չի առնչվում»,- հավելեց նա:
.
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին