«Մուսկուլ Գագո»-ի փաստաբանը քայլեր է ձեռնարկում՝ նրան հնարավոր կուրացումից փրկելու համար
Արդեն հինգ տարուց ավելի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Գագիկ Մաթևոսյանի տեսողությունը գնալով վատանում է, հնարավոր է նաև լիարժեք կուրացում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գ. Մաթևոսյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Մաթևոսյանն անազատության մեջ է 2009 թ. մայիսի 25-ից: 2011 թ. դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրական եզրակացության, Երևանի բնակիչ Գագիկ Մաթևոսյանը, ով հայտնի է «Մուսկուլ Գագո» մականվամբ, 2006 թվականի կեսերից ձևավորել է 6 անձանցից կազմված բանդա և մշակել պաշտոնատար անձանց սպանելու ծրագրեր:
Գագիկ Մաթևոսյանը 1992-1997թթ. ծառայել է ՆԳ նախարարության ներքին զորքերի «Չխչիկներ» անվանումը ստացած հատուկ նշանակության ստորաբաժանումում որպես հրամանատարի տեղակալ:
Փաստաբանը նախ նշեց, որ թեև իրենք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են մյուս բոլոր ատյաններում, սակայն վճիռը մնացել է անփոփոխ, անգամ դիմել են Մարդու իրավունքների կոմիտե՝ Ժնև, ու սպասում են որոշման:
Սակայն մինչև այդ որոշման կայացումը, այսօր փաստաբանը փորձում է հասնել Գ. Մաթևոսյանի վաղաժամկետ ազատմանը՝ հիվանդության պատճառով: Ա. Գրիգորյանի խոսքով, Գ. Մաթևոսյանը ռազմական գործողությունների ժամանակ ականի պայթյունից կորցրել է ձախ աչքը (այժմ այն պրոթեզավորված է), իսկ աջ աչքի տեսությունն այսօր իջել է մինչև 0,05 տոկոս: Քրեակատարողական օրենսգրքով նախատեսվում են պատժի ազատման մի շարք տարբերակներ, որոնցից մեկը ծանր հիվանդությունն է: Ծանր հիվանդությունը որակելու համար գոյություն ունի 2006 թ. մայիսի 26-ի կառավարության որոշում, որի մեջ կա նաև այդ հիվանությունների ցանկը:
«Այն ախտանիշները, որոնք կան Գագիկ Մաթևոսյանի մոտ, նշված է նաև այդ ցանկում, այսինքն նա ունի պատժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն»,- նշեց փաստաբանը:
Ըստ Ա. Գրիգորյանի, դեռևս նախորդ տարվանից դիմել է արդարադատության նախարարություն, քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, սակայն որևէ արձագանք չկա: Ըստ գործող կարգի, պետք է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջնորդագրով դիմի դատարան, որպեսզի դատարանը լուծի վաղաժամկետ ազատման հարցը՝ տվյալ դեպքում ծանր հիվանդության պատճառով:
«Այս գործընթացն անցնում է երեք օղակով՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմ, միչգերատեսչական անկախ հանձնաժողով, դատարան: Սակայն այստեղ հարցն այն է, որ անգամ չեն պատրաստվում նման գործընթաց ծավալել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ ՔԿՀ պետի անունով օգոստոսի 19-ին ուղարկված հարցումը դեռևս անպատասխան է:
Ա. Գրիգորյանը նշեց, որ այս հարցում չկա հավասար մոտեցում, թափանցիկություն, անհատական մոտեցում է դրսևորվում, բողոքարկման մեխանիզմներն էլ անհայտ են:
«Այդ մեխանիզմը չեն ուզում գործադրել Գագիկ Մաթևոսյանի դեպքում: Այս դեպքում ես առաջարկում եմ վերականգնել Հայաստանում մահապատիժը: Եթե ուղղիչ աշխատանքային համակարգը պետք է ծառայի այն նույն նպատակներին, որ ծառայել է Բերիայի ու Ստալինի ժամանակ Գուլագ արխիպելագը՝ տարել են մարդկանց այնտեղ հետ չվերադարձնելու համար, ուրեմն պետք է արձանագրենք ճշմարտությունը, փորձենք պատկերացնել, թե ինչ համակարգի հետ գործ ունենք»,- նշեց Գ. Մաթևոսյանի պաշտպանը՝ հավելելով, որ արձանագրվել են դեպքեր, երբ կալանավորի հիվանդությանն ուշադրություն չեն դարձրել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Նրա խոսքով, երբ տեսել է, որ քրեակատարողական հիմնարկը որևէ քայլ չի ձեռնարկում այդ ուղղությամբ, ինքն է դիմել դատարան, սակայն մերժում է ստացել, քանի որ ՔԿՀ-ի վարչակազմի միջնորդագիրը չի եղել. «Այս թեման ներկայացնելու եմ միջազգային դատարանի քննարկմանը»:
«Թե ինչ է լինելու այս հարցի լուծումը, պարզ չի, բայց դիմելու ենք հնարավոր բոլոր քայլերին»,- ասաց Ա. Գրիգորյանը: