Տնտեսագետ. Եկող տարվանից մարդկանց կենսամակարդակն ընկնելու է
Հաջորդ տարի բյուջետային աշխատողների աշխատավարձի, թոշակների, նպաստերի բարձրացման խնդիր է առաջանալու,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Եկող տարվանից մարդկանց կենսամակարդակն ընկնելու է: Դրա մասին է խոսում նաև Կենտրոնական բանկի հայտարարությունը: Մեզ մոտ տեղի է ունենալու գների բարձրացում, որին նպաստելու է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը: Նման պայմաննեում հասկանալի է, որ բյուջետային աշխատողների աշխատավարձի, թոշակների, նպաստերի բարձրացման խնդիր է առաջանալու»,- մանրամասնեց նա:
Նշենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարվել է 2015թ.-ի հունվարի 1-ից շուրջ 7000 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին:
Panorama.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց, որ նախատեսվում է աշխատավարձերի բարձրացում 15-20 տոկոսով: Ըստ նրա, 7000-ի մեծ մասը մանկապարտեզների ու գրադարանների աշխատակիցներ են: Սակայն խոսքը ոչ միայն մանկապարտեզների և գրադարանների աշխատակիցների մասին է:
Նախագծով նախատեսվում է բարձրանել նաև քաղաքապետի ու քաղաքապետարանի 1700-ից ավելի աշխատակիցների աշխատավարձերը:
Վահագն Խաչատրյանի կարծիքով, հենց այս վերջին կետը` կառավարչական ապարատի աշխատողների աշխատավարձի բարձրացումն է դրդել ԲՀԿ խմբակցությանը դեմ արտահայտվել աշխատավարձերի բարձրացմանը, այլապես դեմ չէր լինի մանկապարտեզների, գրադարանների աշխատողերի աշխատավարձի բարձրացմանը:
Հիշեցնենք` այսօրվա ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանն ասել էր, որ բյուջեի կանխատեսվող 4% աճի պարագայում էական գումարներ է նախատեսվում ուղղել աշխատավարձերի բարձրացմանը, ինչը նպատակահարմար չէ. «Ըստ այդմ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու:
Արթուր Գևորգյանն ասաց, որ օրենքը թույլ է տալիս բարձրացնել աշխատավարձերը 100 տոկոսով, սակայն «իրենք ավելի չնչին տոկոսով են բարձրացնում»: Թե որքան է կազմում «չնչին գումարը» քաղաքապետարանի աշխատակիցների աչքով, պարզվեց օրինակով:
«Փոխքաղաքապետը օրինակ բերեց, որ Երևանի քաղաքապետը ստանում է 500 հազար դրամ, բարձրացման դեպքում նրա աշխատավարձը կհասնի 575 հազարի»,- նշեց նա:
Նախորդող հրապարակում՝
7000 աշխատակցի աշխատավարձերի բարձրացմանը ո՞վ է դեմ և ինչո՞ւ (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան