DW. «Հայոց ցեղասպանության շուրջ Թուրքիայի արձագանքը նրան մեկուսացման է տանում»
Թուրքիան հնարավորինս վատ կերպով վտանգեց իր միջազգային հեղինակությունը` սպառնալիքներ տեղալով Գերմանիայի և այլ գործընկեր պետությունների հասցեին, որոնք իրենց տեսակետն էին հայտնել Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածի վերաբերյալ: Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողական կեցվածքին անդրադառնալով` գրում է Deutsche Welle-ի թղթակից Թոմաս Սեիբերթը:
Հոդվածագիրը նկատում է, որ դժվար է մտաբերել այնպիսի մի իրավիճակ, երբ շատ կարճ ժամանակամիջոցում Թուրքիան այսքան հռետորական գրոհներ իրականացնի միջազգային իր գործընկերների նկատմամբ, ինչպես այս օրերին է տեղի ունենում կապված վերջիններիս կողմից Հայոց ցեղասպանության հարցում ճշմարտությունը հնչեցնելու հետ:
«Առաջինն իր մասնաբաժինը ստացավ Հռոմի պապը, հետո Եվրոպական խորհրդարանը: Այնուհետև հերթը հասավ Ավստրիային, իսկ հետո նաև Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ բանավոր հարձակումների ենթարկվեցին րոպեական հաջորդականությամբ տարածվող արտգործնախարարության հայտարարությունների միջոցով»,- գրում է հոդվածագիրը:
Վերջինիս դիտարկմամբ` Բարաք Օբաման, Ֆրանսուա Օլանդը և Վլադիմիր Պուտինը Անկարայի զայրույթն առաջացրեցին, քանի որ իրենց ելույթներում խոսեցին զանգվածային սպանությունների մասին: Ըստ հոդվածագրի` ստացվում է, որ մի քանի ժամում Անկարան բանավոր հարձակումներ գործեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամներից երեքի նկատմամբ, իսկ Գերմանիայի դեպքում նաև իր խոշոր առևտրային գործընկերոջ վրա:
«Սակայն Թուրքիան պետք է գիտակցի, որ նման չափազանցված զայրույթը ավելի շատ վնասում է հասցնում միջազգային հարաբերություններում, քան օգուտ է բերում: Հազիվ թե հարձակման ենթարկված երկրներից մեկում գտնվի մի քաղաքական գործիչ, որը լուրջ կընդունի Անկարայի երկարաշունչ ճառերը»,- գրում է հոդվածագիրը:
Թոմաս Սեիբերթը նաև նկատում է, որ Էրդողանի կողմից նման սուր արձագանքները պայմանավորված են Թուրքիայում առաջիկա խորհրդարանական ընտրություններով, որոնց արդյունքում Էրդողանը հույս ունի ստանալ ազգայնական զանգվածի ձայները:
Հոդվածագրի դիտարկմամբ` այդուհանդերձ Անկարայի այս գործելաոճը Արևմուտքում մի շարք գործիչների մտածելու տեղիք կտա, քանի որ եթե Թուրքիայի ներքաղաքական կյանքում Էրդողանի և իր «Արդարություն և զարգացում» կուսակցության համար այս ամենը կարող են քվեարկողների ձայներ բերել, ապա միջազգային ասպարեզում նման գործելաոճը Թուրքիային տանելու է դեպի մեկուսացում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին