Կ. Աճեմյան. Ադրբեջանը զբաղված է պրոցեսի խեղաթյուրմամբ
«Կազանում կայացած հանդիպումից հետո ադրբեջանական կողմն անտեսելով միջնորդ երկրների առաջնորդների հորդորները, հերթական անգամ հետ քայլ կատարեց` հիասթափեցնելով միջազգային հանրությանը: Գիտակցելով իր քայլի վտանգավորությունը, պաշտոնական Բաքուն տևական ժամանակ լռություն էր պահպանում: Սակայն այդ լռությունը երկար չպահպանվեց. Ադրբեջանը, փորձելով հետ մղել միջազգային հանրության ճնշումը, հրապարակային դաշտ նետեց մի թեզ, որի համաձայն` Բաքուն նույնիսկ «առանց հիմնարար սկզբունքների համաձայնեցման, պատրաստ է անցնել խաղաղ պայմանագրի մշակմանը», ինչպես նաև` «մինչև այսօր համաձայնեցված հարցերի հիման վրա կարելի է անցնել խաղաղ պայմանագրի մշակմանը»»,- անդրադառնալով ԼՂ հարցում նկատվող զարգացումներին՝ Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքերով, ակնհայտ է, որ եթե ադրբեջանական կողմը բանակցային սեղանին դրված սկզբունքների ու 6 տարրերի վերաբերյալ չի կարողանում համաձայնության հասնել, ապա անհնար է կարծել, թե վերջինիս հետ կարելի համաձայնության հասնել խաղաղ պայմանագրի շուրջ:
«Ավելի վաղ Ադրբեջանի առաջ քաշած թեզին անդրադարձել է նաև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով մասնավորապես նշել էր, թե «ադրբեջանական ղեկավարության կողմից արդեն երկու տարի հնչեցվող այդ գաղափարի վերաբերյալ եռանախագահները հայտնել են իրենց կարծիքը, այն է` եթե Ադրբեջանը չի կարող պայմանավորվել հիմնարար սկզբունքների շուրջ, ապա ինչպես կարելի է խոսել խաղաղ համաձայնագրի մշակման մասին»:
Իսկ ինչ վերաբերվում է այն թեզին, թե «մինչև այսօր համաձայնեցված հարցերի հիման վրա կարելի է անցնել խաղաղ պայմանագրի մշակմանը», ապա պետք է մեկ անգամ ևս ընդգծեմ, որ համանախագահները բազմիցս հայտարարել են, թե «քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ապա համաձայնեցված չէ ոչինչ»»,- ասաց պատգամավորը:
Ըստ խորհրդարանականի՝ սա ենթադրում է, որ չկա համաձայնեցված որևէ սկզբունք կամ տարր, ինչը նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավորության կտար անցնել խաղաղ պայմանագրի մշակմանը:
«Ադրբեջանի դիվանագիտական էլիտայի կողմից հրապարակային դաշտ նետած այս թեզը մեկ անգամ ևս ապացուցեց, որ այդ երկիրը պարզապես զբաղվում է գործընթացի խեղաթյուրմամբ, պարզ իմիտացիայով: Միջազգային հանրությունը պետք է հստակ մոտեցում դրսևորի Ադրբեջանի շարունակական ապակառուցողական քաղաքականության առնչությամբ, հակառակ դեպքում իրավիճակը հղի կլինի անկանխատեսելի զարգացումներով»,- հավելեց տիկին Աճեմյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին