ՄԱՀԱՑԵԼ Է ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՊԵՏ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ
Այսօր կյանքի 59-րդ տարում մահացել է ՀՀ Պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության զորքերի պետ, ՀՕՊ վարչության պետ, գեներալ-մայոր Արարատ Խաչիկի Համբարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Արարատ Համբարյանը ծնվել է 1950թ. սեպտեմբերի 16-ին` Չինաստանի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունում, 1973թ. ավարտել է Մինսկի բարձրագույն ինժեներական զենիթա-հրթիռային զինվորական ուսումնարանը, 1981-ին` ԽՍՀՄ ՀՕՊ ռազմական ակադեմիան, իսկ 1990թ.-ին` ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան: 1967-1992թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1992-1998թթ.` ՌԴ զինված ուժերում` զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ:
1998թ.-ից Արարատ Համբարյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2003 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:
Գեներալ Ա. Համբարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական ընկերակցության ամրապնդման համար», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», «Համագործակցության ամրապնդման համար» պետական և գերատեսչական մեդալներով, ինչպես նաև` ԽՍՀՄ մեդալներով և շքանշաններով: Բազմիցս խրախուսվել է շնորհակալագրերով ու պատվոգրերով:
Գեներալ Ա. Համբարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր երեկոյան (Հասցեն` ք.Երևան, Բաբայան 15, բն.16), իսկ վերջին հրաժեշտի արարողությունը` հունվարի 20-ին, ժամը 12:00-14:00` Երևանի Գ.Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում: