Ա. Բախշյան. Կառավարության գործելակերպը «Չկա մարդը, չկա նրա հետ կապված խնդիրը» սկզբունքի վրա է հիմնված
Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը գիտական կոչում ունեցող անձանց համար օրենքով նախատեսված հավելավճարները 2000 թվականից չվճարելու մասին նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչապետին: Այս մասին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցություն ու ներկայացնում նամակի բովանդակությունը.
«2007 թվականին ՀՀ նախագահի ստորագրությամբ ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մասին փաստաթղթում «Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները» գլխի առաջին պարբերության մեջ որպես սպառնալիք ամրագրված է անհատի գոյության դեմ ուղղված, դրանց հիմքերը խարխլող կամ հեռանկարային վտանգ ներկայացնող երևույթներն ու անգործությունը:
Սույն հայտարարությունս հենց այդ անգործության մասին է, որը փաստում է մեր ընդունած օրենքների և իրականության միջև առկա անհամապատասխանությունը: Ընդհանրապես խորհուրդ եմ տալիս մեր պաշտոնյաներին` Նախագահից սկսած, իրենց ապօրինի մղումները զսպելու համար հաճախ կարդալ այդ կարևոր փաստաթուղթը:
2000 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Գիտական և գիտա-տեխնիկական գործունեության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով` գիտական կոչում ունեցող անձանց, կենսաթոշակից բացի, նախատեսվում էր հավելավճար, որի չափն ու տրամադրման կարգը պետք է սահմաներ Կառավարությունը:
Անցած տասը տարիների կառավարությունների հանցավոր անգործության պատճառով կենսաթոշակի անցած մեր բազմաթիվ վաստակաշատ գիտնականներ սոցիալապես անպաշտպան վիճակում են, և, իրենց խնդիրների նկատմամբ իշխանության անտարբերությունից խորապես վրդովված ու վիրավորված, հանդես են գալիս տարբեր հրապարակումներով ու դիմումներով, սակայն ձայն բարբառո հանապատի:
Գիտական կոչում ունեցող հարյուրավոր թոշակառուների պահանջով կրկին բարձրացնում ենք օրենքով սահմանված նրանց կենսաթոշակի հավելավճարների չիրացման խնդիրը, որը մեզանում օրինաչափություն դարձած խոսքի և գործի հակասության ևս մեկ վառ օրինակ է:
Այդ հրապարակումներում, բացի վերոնշյալ օրենքից, նրանք վկայակոչում են նաև ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի կողմից 2008 թվականի նոյեմբերի 25-ին ընդունված «Գիտնականների և գիտաշխատողների կարգավիճակի մասին մոդելային օրենքը», որով ԱՊՀ երկրները պարտավորվում են ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ գտնել գիտնականների թոշակները նրանց աշխատավարձի 75-90%-ով ապահովելու նպատակով:
2009 թվականից վերոնշյալ սկզբունքները կյանքի են կոչված Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ղազախստանի կենսաթոշակային համապատասխան օրենքներով: Այս փաստաթղթի տակ ստորագրել է նաև Հայաստանի Հանրապետությունը և մինչ օրս, չնայած կենսաթոշակներին վերաբերող տարբեր բարեփոխումներին, մեր վաստակաշատ գիտնականները պետությանը նվիրաբերած իրենց տասնյակ տարիների վաստակի դիմաց դեռեւս չեն ստանում օրենքով նախատեսված հավելավճարները և իրավացիորեն պահանջում են չվտանգել իրենց գոյությունը:
Ուղիղ մեկ տարի առաջ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վերոնշյալ օրենքի պահանջը չիրականացնելու և Կառավարությանն անգործության համար դատի տալու մասին իմ առաջարկին ՀՀ վարչապետ պարոն Սարգսյանը պատասխանեց, որ մինչև դատի տալը գնահատենք այս խնդիրը, որը կուտակվել է 1990 թվականից և այդ աշխատանքը Կառավարությունից խլելու է առնվազն երկու տարի, որպեսզի ի վիճակի լինեն ենթաօրենսդրական ակտերը ժամանակին և ամբողջ ծավալով իրացնելու, այդ թվում վերոնշյալ օրենքը, որին, ըստ վարչապետի, չէր վերաբերում երկու տարին:
Հարգելի´ Կառավարություն, տարբեր գիտական աստիճան ունեցող` կենսաթոշակի անցած մեր գիտնականներն արդեն այն տարիքում են, որ պարզապես չեն կարող սպասել, թե երբ է Կառավարությունը բարեհաճելու անդրադառնալ իրենց վաստակած հանապազօրյա հացի խնդրի լուծմանը:
Նրանք երբեմն լուռ, երբեմն Սահմանադրական դատարանում պաշտպանելով 65 տարեկանից հետո աշխատելու իրենց իրավունքը` հեռանում են կյանքից, որովհետև մեր իշխանությունները նրանց գնահատելու փոխարեն ամեն գնով կարճացնում են նրանց կյանքը:
Կառավարության գործելակերպը, կարծես, դրված լինի «չկա մարդը, չկա նրա հետ կապված խնդիրը» սկզբունքի վրա, որն անպատվաբեր է, հեղինակազրկող և կարող է ապահովել ընդամենը վստահության զրոյական պաշար:
Նրանք կոչ են անում բոլոր քրիստոնյա պաշտոնյաներին` անհապաղ ընդունել անհրաժեշտ ենթաօրենսդրական այն կարգերը, որոնցով կապահովվի նրանց վաստակած արժանապատիվ ծերությունը:
Խնդրում եմ, «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն, 10-օրյա ժամկետում պատասխանել, թե` համաձայն 2000 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` երբ են ընդունվելու գիտական կոչում ունեցող անձանց համար նախատեսված, բացի կենսաթոշակից, հավելավճարների վերաբերյալ ենթաօրենսդրական ակտերը, որոնցով Կառավարությունը պետք է սահմաներ դրանց չափն ու տրամադրման կարգը, ե՞րբ է գործելու ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի կողմից 2008 թվականի նոյեմբերի 25-ին ընդունված «Գիտնականների և գիտաշխատողների կարգավիճակի մասին մոդելային օրենք»-ը, որով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է գիտնականների թոշակները նրանց աշխատավարձի 75-90%-ով ապահովելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու պարտավորությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին