Ապարանի ճանապարհին տեղադրվեց 33 մետրանոց «Սուրբ Խաչը»
Այսօր Երևան-Ապարան ճանապարհի «Տառ քարերի» պուրակի բարձրադիր մասում տեղի ունեցավ «Սուրբ խաչի», «Հույսի խորանի» օծման արարողությունը, որը ուղեկցվեց տոնախմբությամբ:
Միջոցառմանը ներկա էին Հանրապետական կուսակցության պատգամավորներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ, «Նիգ Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը, այս միջոցառումը առանձնանում է նրանով, որ իր մեջ ներառում է հոգևորն ու աշխարհիկը: Ըստ գլխավոր դատախազի` պատմականորեն հայ ժողովուրդը միշտ կապել է եկեղեցական-ծիսական միջոցառումները աշխարհիկ տոնակատարությունների հետ և այսօրվա միջոցառումը դրա դրսևորումներից մեկն է. «Փորձել ենք համադրել հոգևորն ու աշխարհիկը, քանի որ մի կողմից այստեղ բաց խորանն է, որը անվանել ենք «Հույսի խորան», մյուս կողմից բեմահարթակ բազմահազար հանդիսատեսի համար»,- ասաց Ա.Հովսեփյանը:
Տոնակատարության շրջանակներում իրենց տաղավարներով ներկայացան ՀՀ տարբեր մարզեր, որոնք բոլոր ներկաներին հյուրասիրեցին հայկական ավանդական ճաշատեսակներով: Այդ առանցքային միջոցառումը դեռևս «Սուրբ խաչի» և «Հույսի խորանի» օծման արարողությունն էր:
Նշենք, որ «Սուրբ խաչը» հեղինակել է անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը, իսկ ճարտարապետական ձևավորումը տվել է Անդրանիկ Սարգսյանը: Խաչը քառաթև է և յուրաքանչյուր թևի տակ տեղակայված են չորս մատուռներ: Խաչի համար որպես պատվանդան ծառայող քառակերտ մատուռի բարձրությունը 301 սմ է, որն էլ հիշատակում է 301թ-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ընդունելու տարեթիվը:
Բացի այս, Խաչը բաղկացած է 1711 մեծ և փոքր մետաղական խաչերից, որոնք խորհրդանշում են քրիստոնյա Հայաստանի տարիքը: Լրագրողների հետ զրույցում ճարտարապետ Ա.Սարգսյանը նշեց, նախատեսվում է, որ ամեն տարի Խաչի վրա կտեղադրվի ևս մեկ խաչ: Իսկ Խաչի բարձրությունը 33 մետր է, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի խաչելիության տարիքը:
Ի դեպ, օծման արարողության ողջ ընթացքում տարածքի վրա նկատելի էր ուղղաթիռը, որի շրջանների քանակը ևս 33 էր:
Նույն վայրում կառուցված «Հույսի խորանը» բացի հոգևոր խորանից ունի աշխարհիկ միջոցառումների համար նախատեսված հարթակ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին