Ծխելու դեմ պայքարի համար միայն ծխախոտի գնի բարձրացումը խնդիր չի լուծի. սոցիոլոգ
Ծխելու դեմ պայքարի համար միայն ծխախոտի գնի բարձրացումը խնդիր չի լուծում, եթե զուգահեռ այլ միջոցներ չձեռնարկվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` հավելելով, որ օրինակ` արտասահմանում աշխատավայրում ծխելու դեպքում կրճատում են աշխատավարձը, բժշկական ապահովագրության գումարների չափը ևս ծխելու դեպքում նվազում են: Այս միջոցառումները բերել են նրան, որ ծխողների բանակը կիսով չափ կրճատվել է:
Բոլոր դեպքերում, ըստ սոցիոլոգի, Հայաստանում ծխողների թիվը վերջին տարիներին նվազել է: Եթե խորհրդային տարիներին հանրապետությունում ծխում էր հասուն տղամարդկանց 74 տոկոսը, իսկ սիգարետների թիվը հասնում էր օրական 10-15-ի, ապա այսօր այդ թիվը նվազել է՝ հասնելով 10-ի: Ներկայումս, ըստ Ա. Ադիբեկյանի, Հայաստանում ծխում է տղամարդկանց շուրջ 50 տոկոսը:
Սոցիոլոգը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում կանայք են սկսել ավելի շատ ծխել: «Հիմնականում ծխում են նրանք, ովքեր ապահովված են աշխատանքով, կարող են իրենց թույլ տալ ծխախոտ գնել և թքած ունեն հասարակական կարծիքի վրա»:
Միաժամանակ սոցիոլոգը նշեց, որ Հայաստանը շարունակում է մնալ ամենաէժան սիգարետի երկիր, պարզապես մեր երկրում աշխատավարձերն են ցածր:
Ասուլիսի մյուս բանախոսը` Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ իր հերթին նշեց, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած գնաճը կենսամակարդակի վրա լուրջ հարված է:
«Ամեն ինչն է թանկանում, և ընդհանուր թանկացումը բերում է անելանելի վիճակի»,- նշեց Ա.Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց