Լսումներ առանց ավելորդ հարցերի. Ի՞նչ խնդիրներ ունենք ճանապարհներին
«Եթե դիտարկում ենք ճանապարհային խախտումների դիմաց սահմանված պատիժները, ապա առաջին իսկ հայացքից աչք զառնող խնդիրն այն է, որ մենք չունենք «զգուշացում» ասվածը` առկա է միայն տուգանքն ու վարորդական իրավունքից զրկելու պրակտիկան: Փոփոխությունների սպեկտրում այդ պատժատեսակները պետք է ընդլայնվեն և մենք հնարավորություն տանք և’ զգուշացման, և’ տուգանքի: Օգտագործենք նաև միջազգային պրակտիկան»,- Ազգային Ժողովում ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:
Բանախոսը նշեց, որ այսօր ունենք մի շարք խնդիրներ, որոնց չկարգավորելը բերում է քաոսային վիճակի: Օրինակ, կան մի խումբ մարդիկ` Հ.Թովմասյանը չմանրամասնեց, թե ում նկատի ունի, ովքեր պետության առջև ունեն 300, 400, 500 հազար տուգանքային պարտք, բայց ովքեր սնանկ են ճանաչվել և կարող են հարկ եղած դեպքում նույնիսկ «գլուխ գովալ, թե ինչ խախտում էլ անեն` միևնույն է ոչինչ իրեն անել չեն կարող, քանի որ ողջ սեփականությունը օտարվել է»:
«Մենք պետք է նման խնդիրներին լուծում տանք»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Անդրադառնալով վիճակագրությանը, որը տրամադրվել է Ոստիկանության կողմից, Հ.Թովմասյանն ասաց, որ խնդիրներով հանդերձ իրավիճակն այնքան էլ վատ չէ ու թեև վիճակագրական թվերը աճ են արձանագրել, բայց դա պայմանավորված է միմիայն այն հանգամանքով, որ նախկինում վթարները վարորդները գերադասում էին թաքցնել ու շատ դեպքերում միմյանց հետ պայմանավորվել, իսկ հիմա հակառակ պատկերն է:
«Թե ԱՊՊԱ համակարգի ներդրման, թե տեսանկարահանող սարքերի ներդրմամբ է վիճակագրությունը աճ արձանագրել, բայց դա չի նշանակում, որ խնդիրն ավելացել է, հակառակը` մահվան ելքով վթարներն ու մարմնական լուրջ վնասվածքներով վթարների թիվն է նվազում, իսկ սա դրական ցուցանիշ է»,- ընդգծեց նա:
Նշենք, որ նախքան զեկուցողներին անցնելը լսումները նախագահող Կորյուն Նահապետյանը հայտարարեց, որ ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության հարցեր հիմնական զեկուցողներին չեն տրվելու, քանի որ, բացատրեց նա, ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ խմբակցությունները իրենց առաջարկություններն ու դիտարկումները ներկայացրել են և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց ելույթները կառուցել են դրանց հիման վրա: Այս կարգը, սակայն, դուր չեկավ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանին, ով իր դժգոհությունն արտահայտեց. «Բա էլ ի՞նչ իմաստ կա»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին