Հայրենիքի գաղափարն առանց Հայրենիքում լինելու չի կարող իրական ու ամբողջական լինել. Հ.Հակոբյան
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Համազգայինի 20-րդ ուսանողական մշակութային հավաքի (ֆորում) մասնակիցներին` Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ: Կանադայից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Կիպրոսից, Սիրիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Արցախից հավաքին մասնակցելու համար ժամանել են 32 ուսանող:
Սփյուռքի նախարարությունից հայտնում են` Հ.Հակոբյանը նշել է, որ ժամանած երիտասարդներից յուրաքանչյուրը, ով առաջին անգամ է Հայաստանում, անշուշտ գիտակցում է, որ Հայրենիքի գաղափարն առանց Հայրենիքում լինելու չի կարող իրական ու ամբողջական լինել. «Դուք կայցելեք Արցախ, կտեսնեք այն տարածքները, որոնք ձեր հասակակից հայրենակիցները պաշտպանել են իրենց կյանքի և արյան գնով»:
Նախարարը ընդգծել է, որ հայ ուսանողի հիմնական և կարևորագույն գործը փայլուն կրթություն ստանալն է և նորարարության այս դարում մրցունակ լինելը: Ըստ նախարարի` համաշխարհայնացման այս դարում հայ երիտասարդը պետք է գտնի իր ուրույն տեղը միջազգային շուկայում՝ չկորցնելով հայ մարդուն բնորոշ նկարագիրը և մարդկային որակները:
Հանդիպմանը քննարկվել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Սփյուռքի ուսանողության ակտիվ ներգրավմանը վերաբերող հարցեր:
Նշվում է, որ ծրագրի 17 օրերի ընթացքում համալսարանականները ծանոթացել են Հայաստանի տեսարժան վայրերին, հանդիպել քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների հետ, ունկնդրել հայ պատմամշակութային արժեքների և ժառանգության մասին դասախոսություններ, քննարկել այսօրվա հայ երիտասարդին հուզող տարաբնույթ խնդիրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին