Ամենակարևորը Հայաստան-Սփյուռք-Արցախ ծրագրերի միջոցով հայրենիքի հետ կապերի ամրապնդումն է. վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում հյուրընկալել է «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին: Դպրոցը կազմակերպվում է Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու հզորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը և հայ համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երկրի վարչապետը ողջունել է ամառային դպրոցի ներկայացուցիչներին, կարևորել դրա շարունակականությունը և ընդհանրապես նմանատիպ միջոցառումների պարբերական անցկացումը:
«Նման ծրագրերը մեր երկրի համար շատ կարևոր են. ամենակարևորը, որ դրանց միջոցով պետք է փորձենք ամրապնդել կապը մայր հայրենիքի հետ և ակտիվացնել նման այցերը, առիթներ ստեղծենք, որպեսզի դուք կարողանաք այցելել հայրենիք», - դիմելով ներկաներին՝ նշել է գործադիրի ղեկավարը:
Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը հնարավորինս կաջակցի Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդմանը նպաստող այսպիսի ծրագրերի իրականացմանը:
«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին և ՀՀ սփյուռքի նախարարին ջերմ ընդունելության և ծրագրով նախատեսված միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Այնուհետև ծավալվել է անկաշկանդ զրույց, որի շրջանակում Հայաստանի վարչապետը պատասխանել է սփյուռքահայ հայրենակիցներին հուզող հարցերին: Կառավարության ղեկավարը ներկաների խնդրանքով անդրադարձել է ՀՀ արտաքին և ներքին քաղաքականության գերակայություններին, տնտեսական զարգացման առաջնահերթություններին, սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ ծրագրերի իրականացմանը, Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի սերտացմանն ուղղված համահայկական ծրագրերի ֆինանսավորման ավելացմանը և այլ խնդիրների:
Եզրափակելով խոսքը՝ վարչապետ Աբրահամյանը հորդորել է ամառային դպրոցի մասնակիցներին շարունակել Մայր հայրենիքի սահմաններից դուրս հայապահպանության դժվարին ու պատվաբեր գործը,-ասված է հաղորդագրությունում::
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին