Շուշիի ագրարային համալսարանի մասնաճյուղի շենքը պատրաստ կլինի մեկ տարի անց
Շուշիում շարունակվում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնաճյուղի շինարարական աշխատանքները: Շենքը պատրաստ կլինի մեկ տարի անց, որից հետո Ստեփանակերտի մասնաճյուղը կտեղափոխվի Շուշի:
Օգոստոսի 15-18 աշխատանքային այցով Շուշիում էր գտնվում ՀԱԱՀ-ի ռեկտոր Ա. Թարվերդյանը` մասնաճյուղի շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու և նոր ուսումնափորձնական տնտեսության հիմնման համար: Այս մասին հայտնում են համալսարանի մամուլի բաժնից:
Նոր ստեղծվող կրթօջախին ՀԱԱՀ-ը կտրամադրի լաբորատոր սարքավորումներ, կապահովի նյութատեխնիկական միջոցներով, իսկ ՀԱԱՀ-ի շրջանավարտների միավորումն էլ իր աջակցությունը կցուցաբերի մասնաճյուղի կայացման գործում` կառույցի պատրաստ լինելուն պես:
Որոկյալ ուսուցում ապահովելու և բարձրակարգ մասնագետներ թողարկելու համար անհրաժեշտ է կազմակերպել պրակտիկ պարապունքներ: Այդ պատճառով Արցախում կհիմնադրվի ուսումնափորձնական տնտեսություն: Արցախի կառավարությունը ՀԱԱՀ-ի հետ համատեղ Արաքսի հովտում կհիմնադրի Ագրարային համալսարանի ուսումնափորձնական տնտեսություն, քանի որ Հադրութի շրջանի հարավային թևի ագրոկլիմայական պայմանները շատ նպաստավոր են և հնարավորություն են տալիս մշակել բազմատեսակ մշակաբույսեր՝ անգամ արևադարձային:
Ինչպես նշել է ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանն առաջին փուլի համար նախատեսված է 50 հեկտար հողատարածք. «Արաքս գետից հեռավորությունը ընդհամենը մի քանի կիլոմետր է, արտեզյան խորքային ջրեր ունենալու հնարավորություն կա, հոսանքի աղբյուրը մոտ է: Բոլոր նախադրյալները կան տնտեսություն զարգացնելու համար»:
Ուսումնափորձնական տնտեսության հարևանությամբ` ըստ նախագծի, կլինի նաև ուսանողական ավան. «Ապագայում ամայի տարածքի փոխարեն կլինի ուսանողական փոքրիկ քաղաք, որտեղ ոչ միայն աշխատելու այլև ապրելու պայմաններ կստեղծվեն ինչպես ապագա գյուղատնտեսների, այնպես էլ այլ մասնագիտություններ ունեցող անձանց համար»,- ասել է ՀԱԱՀ ռեկտորը:
Ուսանողական ավանը կկառուցվի ավելի ուշ, իսկ բուն ուսումնափորձնական տնտեսությունը պատրաստ կլինի հաջորդ տարի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին