Թեհրանում կբացվի Ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը
«Իրանի Փերիա գավառի հայության օրեր Հայաստանում» միջոցառման մասնակիցները, Հայաստանում, Իրանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող փերիահայեր այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
Այնուհետև այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Միջոցառման մասնակիցները հանդիպել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: Վերջինս նախ ողջունել է Հայաստան այցելած փերիահայերին և խոսել թանգարանի նոր ցուցադրությունների մասին, որը 2,5 անգամ ավելի շատ նյութ է պարունակելու և առավել մանրամասն, խորքային է ներկայացնելու Հայոց ցեղասպանությունն ու վերջինիս առնչվող դեպքերը:
Հայկ Դեմոյանը համառոտ խոսել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կատարած աշխատանքների, ձեռնարկների և այն միջոցառումների մասին, որոնք կազմակերպվելու են ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի տարբեր համայնքներում: Եվ հավելել է, որ նոյեմբերին Թեհրանում կբացվի Ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունը, որը ներկայացվելու է նաև աշխարհի տարբեր երկրներում:
Նշենք նաև, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում նախօրեին կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության, Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի և Թեհրանի Փերիո կրթասիրաց միության նախաձեռնությամբ կազմակերպված «Իրանի Փերիա գավառի հայության օրեր Հայաստանում» միջոցառումների հանդիսավոր բացման արարողությունը: