Նարեկ Սարգսյան. Զինվորի հանդեպ ամենօրյա ուշադրությունը բոլորիս պարտքն է
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը երեկ այցելել է ՀՀ ՊՆ ԶՈՒ Տավուշի մարզի սահմանային հենակետերից մեկը, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սահմանը պահող դիրքապահ զինվորներին իր և քաղաքաշինության նախարարության աշխատակիցների անունից շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար:
Քաղաքաշինության նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարարը շնորհավորել է սահմանապահ զինվորներին՝ ցանկանալով նրանց անվտանգ ծառայություն, արիություն և կամային բարձր հատկանիշներ, անհրաժեշտության դեպքում էլ՝ մշտապես զգոն լինելով՝ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կանխելու և դիմակայելու պատրաստակամություն:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և հրամանատար Օնիկ Գասպարյանի հետ նախարար Սարգսյանը եղել է դիրքապահ զինվորների գետնատնակում, ծանոթացել նրանց խոհանոցին, կենցաղային պայմաններին, անցել է հենակետի շուրջ փորված խրամատով ու խրամուղիներով, ուսումնասիրել դիրքերի տեղաբաշխումը՝ զինվորի հանդեպ ամենօրյա ուշադրությունն ու սրտացավությունը համարելով բոլորիս պարտքն ու պարտականությունը:
Նարեկ Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանի վրա, մեր դիրքերն ամուր պահող զինվորներին և սպաներին՝ մաղթել է բարի ծառայություն՝ նշելով, որ այսօր նրանք հայրենիքի պաշտպանության սրբազան գործն են կատարում՝ որպես իսկական ժառանգորդը բոլոր ժամանակների հայ հերոսների:
Հաղորդվում է, որ մինչ առաջնագծում հայ զինվորներին և սպաներին հանդիպելը և շնորհավորելը, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ՀՀ Տավուշի մարզպետարանում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի մասնակցությամբ խորհրդակցություն էր անցկացրել՝ քննարկելով մարզում առկա քաղաքաշինական խնդիրներն ու հիմնահարցերը, դրանց հնարավոր լուծումները:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին