Հասարակություն 15:55 29/01/2015

«Թուրքական քարոզչամեքենան պատրաստ է թյուր մեկնաբանություններով որպես մեծ հաղթանակ ներկայացնել այդ գործով ցանկացած վճիռ»

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Նիստը հրավիրված է ընդլայնված կազմով. պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ հրավերն ընդունելու և պետական հանձնաժողովի նիստին անձամբ ներկա գտնվելու համար՝ չափազանց կարևորելով այսպիսի ձևաչափով նիստի անցկացումը, որը, նրա խոսքով, թույլ է տալիս միասին արդյունավետորեն քննարկել համազգային նշանակության խնդիրներն ու միասնական որոշումների հանգել:

Սերժ Սարգսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ այս օրերին կայացել են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումները միջոցառումների գլխավոր համակարգողի և պետական հանձնաժողովի այլ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքները: Նրանք շարունակելու են իրենց աշխատանքը նաև վաղը` քննարկելու համար ապրիլի 22-24-ի ծրագրերի համադրումն ու անելիքները:

Հանրապետության Նախագահն իր խոսքում անդրադարձել է մինչ այժմ պետական հանձնաժողովի կատարած աշխատանքներին և առաջիկա ծրագրերին, նիստի օրակարգի շրջանակներում քննարկման ներկայացվելիք կարևորագույն հարցերին: Հանձնաժողովի անդամներն ըստ այդմ կքննարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի քաղաքական համատեքստը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման հարցը, ոգեկոչման միջոցառումների, Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման իրավական պահանջների թղթածրարի մշակման աշխատանքների մասին հարցերը: Նիստի ընթացքում տեղի կունենա նաև Ցեղասպանության 100-րդ տարելիցի կայքէջի շնորհանդեսը:

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծարգո՛ Նախագահ,
Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Ձե՛րդ Ամենափայլություն Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք,
Գերաշնորհ և հոգեշնորհ հայրե՛ր,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Նախ շնորհակալ եմ բոլորիդ` հրավերն ընդունելու և պետական հանձնաժողովի այս նիստին անձամբ ներկա գտնվելու համար: Հասկանում եմ, որ բոլոր ներկաների ժամանակացույցը գերծանրաբեռնված է, հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Չափազանց կարևոր եմ համարում, որ այսպիսի արդյունավետ ձևաչափը թույլ է տալիս միասին քննարկել համազգային նշանակության խնդիրներն ու միասնական որոշումների հանգել:

Այս օրերին մենք տրամաբանական ավարտին ենք հասցնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքները և մեկնարկ տալիս դրանց իրականացմանը:

Հենց նոր մենք բացեցինք ցեղասպանության օրերին մեր ժողովրդի կրած տառապանքների և, միևնույն ժամանակ, հերոսական հակադարձի խորհրդանիշ դարձած Կոմիտասի թանգարանը: Տարիներ առաջ հենց այս դահլիճում, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում առաջարկեցինք, որ այդ հիմնադրամին պատկանող և Կոմիտասի պանթեոնում գտնվող նախկին մշակույթի տան լքված շենքը հատկացվի հենց այդ նպատակին: «Փյունիկ» հիմնադրամի և մեր հանձնաժողովի անդամ պարոն Գաբրիել Ջամբարջյանի ֆինանսավորմամբ, ճանաչված և սիրված ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով վերակառուցվեց և նոր ցուցադրական տարածքներով լրացվեց այդ շենքը: Մեր երիտասարդ, բայց բանիմաց թանգարանագետ Վարդան Կարապետյանի և իր թիմի մտահղացմամբ ձևավորվեց ցուցադրությունն ու սցենարը, և ահա այսօր մենք ուրախությամբ տեսնում ենք այդ ջանքերի արդյունքը: Բոլոր ներկաների անունից, մեր ողջ ժողովրդի անունից ուզում եմ շնորհակալություն ասել բոլորին, ովքեր մասնակցեցին այս ծրագրի իրականացմանը:

Շատ եմ կարևորում, որ այդ նոր շենքում հիմնադրում ենք հենց թանգարան-ինստիտուտ, որտեղ կոմիտասյան ժառանգությունը ոչ միայն կներկայացվի հանրությանը, այլև կարժանանա մշտական ու մանրակրկիտ գիտական ուշադրության:

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօրվա նիստում նախատեսում ենք ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը: Անշուշտ, սա կարևորագույն մի փաստաթուղթ է, որը բացառիկ է թե՛ իր ձևով, թե՛ բովանդակությամբ: Առաջին անգամ մենք ընդունում ենք համազգային նշանակության մի փաստաթուղթ ոչ թե պետական որևէ կառույցի միջոցով, ոչ թե մեր ազգի ներկայացուցիչների առանձնացված հատվածներով, այլ ողջ հայ ժողովուրդը ներկայացնող բոլոր հիմնական կառույցների ներգրավմամբ:

Հռչակագրի վրա աշխատել և իրենց հավանությունն են տվել թե՛ Հայաստանի Հանրապետության պետական բոլոր մարմինները, թե՛ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր բոլոր նվիրապետական աթոռներով, թե՛ սփյուռքի խոշորագույն հոգևոր, բարեգործական, կուսակցական, մշակութային և այլ կառույցները:

Մեզ շատ էին մեղադրում այն բանում, թե ինքներս էլ չգիտենք՝ ինչ ենք պահանջում աշխարհից և Թուրքիայից Հայոց ցեղասպանության հարցում: Արդյո՞ք ակնկալում ենք քաղաքական ճանաչումներ տարբեր պետությունների կողմից: Ի՞նչ սպասելիքներ ունենք Թուրքիայից: Ի՞նչ է մեր ուզածը և մեր պայքարի հիմքը: Ո՞ւր ենք քայլում, և ո՞րն է մեր պատգամը ապագա սերունդներին:

Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա նիստին մասնակցելու հրավիրված մեր խմբագրական հանձնախմբի բոլոր անդամներին` կատարած հսկայական և հմուտ աշխատանքի համար, շնորհակալ եմ պետական հանձնաժողովի և տարածաշրջանային հանձնախմբերի անդամներին, ովքեր հարյուրավոր առաջարկություններ, լրացումներ և փոփոխություններ են բերել փաստաթղթի մշակման ընթացքում: Կարծում եմ, որ արդյունքում ստացվել է կուռ և համապարփակ մի տեքստ, որը կդառնա և՛ 100-րդ տարելիցի միջոցառումների գաղափարական հենքը, և՛ մեր հետագա գործողությունների ուղեցույցը:

Հանձնաժողովում հաստատվելուց հետո Հռչակագիրը կհրապարակվի 7 լեզուներով, նաև արևմտահայերեն: Այդպես այն հասու կլինի բոլոր հետաքրքրվողների համար: Խնդրում եմ հանձնաժողովի և տարածաշրջանային հանձնախմբերի բոլոր անդամներին, մեր դիվանագետներին, լրագրողներին, մանկավարժներին, 100-րդ տարելիցին անդրադարձ կատարող մեր բոլոր հայրենակիցներին՝ առաջնորդվել հենց այս տեքստով և դրանում պարունակվող դրույթներով` մեր ձայնն ավելի լսելի դարձնելու և մոտեցումների միասնականությունն ապահովելու նպատակով:

Սիրելի՛ գործընկերներ,

Այսօրվա մեր նիստը կնշանավորվի նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքներին մեր անդրադարձով: Ինչպես հիշում եք, անցյալ նիստի ժամանակ մենք ստեղծեցինք մի հանձնախումբ, որն աշխատում է այդ ուղղությամբ: Այսօր մենք կայցելենք թանգարան և ինքներս կտեսնենք աշխատանքների ընթացքը: Ավարտվել են շինարարական աշխատանքներն ինչպես բուն թանգարանում, այնպես էլ ողջ հուշահամալիրում: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում «Փյունիկ» հիմնադրամին և պարոն Գաբրիել Ջամբարջյանին, «ՎիվաՍել» ընկերությանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին և բարերարներ Մաքսիմ Հակոբյանին ու Արմեն Շահազիզյանին` հուշահամալիրի և թանգարանի վերակառուցումը ֆինանսավորելու համար, ճարտարապետ Սաշուր Քալաշյանին, շինարարների ողջ թիմին, նրանց աշխատանքը համակարգող իմ խորհրդական Ֆելիքս Փիրումյանին և, իհարկե, թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին՝ այդ ծանր աշխատանքը պատվով կատարելու համար:

Սիրելի՛ գործընկերներ,

Մեր միջոցառումների գլխավոր նպատակը միջազգային հանրության լայն զանգվածներին իրազեկ պահելն է, մեր պահանջատիրությունը լսելի դարձնելն է միջազգային քաղաքացիական հասարակությանը, պատմաբաններին և ցեղասպանագետներին, իրավաբաններին և քաղաքական գործիչներին, պետություններին:

Այսօր մենք ներկա ենք լինելու նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի պաշտոնական կայքէջի մեկնարկին:

Կայքէջում, բացի մեր ընթացիկ միջոցառումների և ծրագրերի մասին տեղեկատվությունը, տեղադրվելու է նաև 100-րդ տարելիցի վերաբերյալ լրահոս-ամփոփում միջազգային և հայաստանյան մամուլի էջերից: Բայց այն նաև պարունակելու է մեկ այլ լրահոս` քաղված մեկ դար առաջ մամուլում տեղ գտած արձագանքներից: Այսինքն, մենք յուրաքանչյուր օր այդ կայքէջում տեսնելու ենք «նորություններ», որ մեկ դար առաջ հրապարակվում էին հայկական և միջազգային մամուլում: Կարծում եմ, դա օգտակար է լինելու կայքի նկատմամբ մշտական ուշադրություն պահպանելու առումով: Այն նաև նպաստավոր մեխանիզմ է դառնալու աշխարհասփյուռ հայկական դպրոցների համար:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այս նիստը մենք որոշեցինք անցկացնել ընդլայնված ձևաչափով: Հրավիրել ենք տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ:

Այս օրերին կայացել են տարածաշրջանային հանձնախմբերի ներկայացուցիչների հանդիպումները միջոցառումների գլխավոր համակարգողի և պետական հանձնաժողովի այլ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվել են աշխարհի տարբեր երկրներում ընթացող նախապատրաստական աշխատանքները: Նրանք շարունակելու են իրենց աշխատանքը նաև վաղը` քննարկելու համար ապրիլի 22-24-ի ծրագրերի համադրումն ու անելիքները:

Ես ողջունում եմ արտերկրից ժամանած մեր հանձնախմբերի ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնում նրանց անխոնջ ջանքերի ու բացառիկ ներդրման համար:

Երբ ծանոթացա հանձնախմբերի կողմից ծավալված աշխատանքի հաշվետվություններին, նրանց կազմած միջոցառումների ծրագրերին, արդեն կատարված աշխատանքին, առաջին հերթին նկատեցի այն հսկայական ուժը, որը մենք ունենք: Վստահ եմ, որ հակառակ բոլոր չարագույժների՝ 100-րդ տարելիցը դառնալու է ոչ թե մեր սփյուռքի և համայնքային կառույցների ինքնասպառման, այլ նոր վերելքի, նոր համախմբման, նոր սերնդի բարձր խոսքի շրջան:

Հատուկ ցանկանում եմ անդրադառնալ մեր այն հայրենակիցներին, ովքեր, արձագանքելով իմ կոչին, սիրով և պատրաստակամությամբ մասնակցություն բերեցին և շարունակում են բերել մեր ծրագրերին աջակցելու հարցում: Իհարկե, մենք համապատասխան միջոցներ նախատեսել ենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում: Սակայն ես շատ եմ կարևորում, որ այս ծրագիրը ֆինանսավորվի մեր ողջ ժողովրդի, մեր բոլոր համայնքների ջանքերով: Դա ինքնին լուրջ ուղերձ է:

Հարգելի՛ գործընկերներ,

100-րդ տարելիցի առանցքներից է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշումը՝ սրբադասելու Հայոց ցեղասպանության նահատակներին և մարտիրոսներին: Դա բարոյական և հոգևոր բացառիկ մի պահ է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ ուղղակիորեն առնչվում է գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքի:

Ես շատ եմ կարևորում, որ Սրբադասման արարողակարգի ժամանակ մենք հանդես գանք համազգային համախմբման և վերելքի դիրքերից: Կարևորում եմ, որ այդ խորհրդավոր ծեսին համախմբված կերպով հետևեն մեր քույրերն ու եղբայրները ողջ աշխարհում, որ ուղիղ հեռարձակմամբ կարողանան ականատեսն ու մասնակիցը դառնալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք արարողությանը, նաև հետադարձ կապով տեսանելի լինեն Բաց խորանի մոտ ժողովված մեր հայրենակիցներին: Հիրավի, միավորող պետք է լինի ապրիլի 23-ին՝ Հայաստանի ժամանակով ժամը 19.15-ին բոլոր հայկական և քրիստոնյա մի շարք այլ եկեղեցիներում զանգերի ղողանջը և գուժկանի 100 հարվածը, դրանից անմիջապես հետո հայտարարվելիք լռության րոպեն:

Մեր այսօրվա նիստին նախորդած օրերին կայացել և վաղը շարունակվելու է միջոցառումների գլխավոր համակարգողի գրասենյակի մանրակրկիտ աշխատանքը տարածաշրջանային հանձնախմբերի հետ: Խնդրում եմ ապահովել մեր բոլոր կառույցների լիարժեք փոխգործակցությունը` միջոցառումների անցկացման կատարյալ ներդաշնակության համար:

Հարգելի՛ գործընկերներ,

Մեր անցյալ նիստի ժամանակ, Ձեզ հետ խորհրդակցելով, հրավերներ հղեցի մի շարք պետությունների և միջազգային կարևորագույն կառույցների առաջնորդների՝ մասնակցելու 100-րդ տարելիցի միջոցառումներին: Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ ստացվել են դրական պատասխաններ մի շարք պետություններից և կազմակերպություններից: Որոշ երկրներ հաստատել են իրենց ներկայությունը բարձր պետական պատվիրակությունների մակարդակով: Ոմանք նշել են, որ կարևորում են այդ օրն անցկացնել իրենց երկրների հայ համայնքի հետ: Ես խնդրում եմ և՛ պետական հանձնաժողովի անդամներին, և՛ տարածաշրջանային հանձնախմբերին` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միասին ձեռնամուխ լինել այդ օրերին կայանալիք միջոցառումներին, ինչպես նաև մարտի վերջին անցկացվող միջազգային մեդիաֆորումին հնարավորինս լայն մասնակցություն ապահովելու ուղղությամբ: Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով Թուրքիայում կայացված անհեռատես և ցինիկ որոշումը` խմբագրել սեփական պատմությունը` Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը նշելու միջոցով: Ասում են, որ քաղաքականության մեջ բոլոր միջոցները հարմար են, բայց կարծում եմ՝ այդ հարցում պաշտոնական Անկարան վատ ծառայություն մատուցեց ինքն իրեն:

Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը:

Այդ քայլը սին է, ինչպես և ժխտողականության բոլոր դրսևորումները: Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության և անլիարժեքության բարդույթների դրսևորում է, այլև իրավական կատեգորիա: Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը:

Ազգայնական հանցագործ, հենց Թուրքիայի արդարադատության կողմից ամենատարբեր մեղադրանքներով բազմիցս դատապարտված, բայց դրան զուգահեռ նաև ազգայնական կուսակցություն և կազմակերպություններ ներկայացնող Դողու Փերինչեքի գործը փորձում են դարձնել Հայոց ցեղասպանության հարցին դատարանի իրավական դիրքորոշման հարց:

Հայաստանի Հանրապետությունը ներգրավվել է գործի քննության մեջ որպես երրորդ կողմ, քանի որ ՄԻԵԴ Մեծ պալատը որոշում է կայացնելու ցեղասպանության ժխտողականությունը քրեականացրած շվեյցարական օրենսդրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համադրելիության մասին: Մեզ համար դա կարևոր որոշում է, քանի որ վստահ ենք, որ ժխտողականությունը այդ հանցատեսակի կրկնության ամենահավանական նախաազդակն է: Այդուհանդերձ, չենք համարում, որ դա գործ է ցեղասպանության իրավական ճանաչման կամ ժխտման մասին: Մենք, լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ներկայացնող պետություն, նման խնդրանքով չենք դիմել դատարան: Չենք էլ համարում, որ այդ հարցին տրվելիք ակնհայտ պատասխանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ընդդատության ոլորտի ներքո գտնվող խնդիր է: Մեզ հայտնի է, որ թուրքական քարոզչամեքենան պատրաստ է թյուր մեկնաբանություններով որպես մեծ հաղթանակ ներկայացնել այդ գործով ցանկացած վճիռ: Նրանք նույնիսկ չեն խորշել նիստին մասնակցելու համար բանտից ազատել կամ թույլատրել երկրից դուրս գալ իրենց իսկ դատարանների կողմից ազատազրկված Փերինչեքին:

Ցեղասպանության հետևանքների հաղթահարման մեր իրավական պահանջները ներկայացնելու հայեցակարգը` անհատական, համայնքային և պետական մակարդակներով, արտացոլվելու է այս հանձնաժողովի որոշմամբ ձևավորված և աշխատանքներն իրականացնող հայ իրավաբանների հանձնախմբի կողմից պատրաստվող համապարփակ թղթածրարում, որի նախապատրաստման ընթացքի մասին այսօր լսելու ենք հանձնախմբի ղեկավար, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանի զեկույցը:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այսօրվա մեր քննարկման առանցքային հարցերից է լինելու նաև առաջիկա տարվա միջոցառումների ծրագիրը: Միջոցառումները համակարգող կազմակերպական կոմիտեն կներկայացնի կատարած աշխատանքն ու անելիքները: Ըստ նրանց կողմից առաջարկված հայեցակարգի՝ միջոցառումները պայմանականորեն բաժանվելու են չորս հիմնական ուղղությունների, ոգեկոչման չորս առանցքների: Դրանք են.

1. Հիշողություն: Հիշողությունը մեր նահատակների, կորսված ժառանգության և այն վերականգնելու անհրաժեշտության վերաբերյալ:

2. Երախտագիտություն: Երախտագիտություն այն անհատներին, կառույցներին, ժողովուրդներին և պետություններին, որոնք մեզ ձեռք մեկնեցին փորձության պահին: Մեկ մանուկ փրկած անհայտ մարդուց մինչև միջազգային ատյաններում մեր դատի համար պայքարող պետություններ մենք հիշելու ենք և մեծարենք նրանց, ովքեր, իրենց ժամանակից առաջ ընկնելով, մտածում էին մարդասիրական միջամտության կատեգորիաներով:

3. Միջազգային պայքար: Որպես վերապրած ժողովուրդ՝ մենք շարունակելու ենք մեր պարտքը կատարել մարդկության առջև` լինելով ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի կիզակետում: Քաղաքական, գիտական, տեղեկատվական, մշակութային և բոլոր այլ ոլորտներում մենք շարունակելու ենք գործել որպես «այլևս երբեք գաղափարախոսության առաջամարտիկ:

4. Վերածնունդ: Ոգեկոչելով մեր նահատակներին և մեծարելով հերոսներին՝ մենք նաև անդրադարձ ենք կատարելու ցեղասպանությունից հետո անցած մեկ դարի ընթացքում մեր ձեռքբերումներին և նվաճումներին: Մենք հպարտությամբ ենք արձանագրելու, որ մեզ բաժին ընկած փորձությունում ցուցաբերեցինք բացառիկ կամքի ուժ և վերածնունդ ապրեցինք, ինչպես ասում էր մեծն Պարույր Սևակը`

... Ելք ճարեցինք նոր Հարության:
Եվ ոչ որպես փյունիկ թռչուն,
Այլ ՀԱՅԻ պես…

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորիդ այստեղ գտնվելու և Ձեր քրտնաջան աշխատանքի համար: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած.Փաշինյան
«Մեր բանակի մեծագույն խնդիրներից մեկն այն է, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասն անցկացնում են խրամատի մեջ, այսինքն՝ իրենք...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Նիկոլ Փաշինյան
«Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք չորս գյուղ։ Ես ասում եմ, որ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ՝ որպես փաստարկ՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
22:26
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանի կալանավորման 41-րդ օրը «Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ եթերն է
«Իմնեմնիմի» պոդքաստի 96-րդ հերթական թողակման հերթապահներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Արմինե Ադիբեկյանը։ Անժելա...
Աղբյուր` Panorama.am
22:06
Պիտի վերադառնանք սկիզբ՝ ԱՐՑԱԽ, որ ունենանք ՏԱՎՈւՇ, ՍՅՈւՆԻՔ, ԳԵՂԱՐՔՈւՆԻՔ՝ ՀԱՅԱՍՏԱՆ. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Սկզբից՝ ԱՐՑԱԽԸ, հիմա՝ ՏԱՎՈւՇԸ, վաղը՝ ՍՅՈւՆԻՔ,...
Աղբյուր` Panorama.am
21:40
Որևէ հոգևորական, եթե ասում է, ապա վստահ եղեք, որ Կաթողիկոսի համաձայնությամբ է. Թաթուլ Մանասերյան
«Ճիշտ եմ համարում այն, ինչը որ Տավուշում է այսօր տեղի ունենում»,-«Panorama.am-հարցազրույց» հաղորդաժամին ասաց...
Աղբյուր` Panorama.am
21:28
Վթարից հետո ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:50-ի սահմաններում «Lexus» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
21:05
Թող մտածեն նրանք, ովքեր ազատազրկված են հոգով ու խղճով․ փաստաբանի շնորհավորանքը՝ Մալյանին
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ ուժեղ մարդ: Մի քիչ էլ կանցնի ու...
Աղբյուր` Panorama.am
20:56
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որը ավելի հայտնի է...
Աղբյուր` Panorama.am
20:47
Լևոն Քոչարյանի օգնականի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը. փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․ «Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս...
Աղբյուր` Panorama.am
20:15
Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի․ Կիրանցի 87-ամյա բնակիչ
«Ո՞վ իրա երեխուն 100 մետրի վրա դպրոց կուղարկի, որ թուրքը գա տանի»,- սրտնեղած ասաց Կիրանց գյուղի 87-ամյա բնակիչը։ «Մեր...
Աղբյուր` Panorama.am
20:01
Էս տոչկեքով կամուրջն էլ է անցնում իրանց․Կիրանցի համայնքային ղեկավար
Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:39
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
«Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է խաղաղության հասնելու ուղղությամբ»,- այսօր Բաքվում Միջմշակութային երկխոսության խնդիրներին նվիրված...
Աղբյուր` Panorama.am
19:18
Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան․ Բագրատ սրբազան
«Բոլոր զրպարտողները դատարանով պատասխան կտան։ Ասում են՝ գործակալ եմ։ Եթե ասում են, որ գործակալ եմ, բայց մինչև հիմա ձերբակալված չեմ, ուրեմն...
Աղբյուր` Panorama.am
18:57
ՊՆ-ն արձագանքել է Կոթի գյուղում 2 դիրք հանձնվելու մասին տեղեկությանը
Մամուլում շրջանառվում են «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:45
«Ես կառավարության պլանավորած քայլերի հետ ՀԱՇՏ չեմ»․ քաղաքացին Կառավարության շենքի մոտ նստացույց է սկսել
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն այսօր, ժամը18:00-ից կառավարության շենքի դիմաց սկսում է 72 ժամանոց նստացույց: Այդ մասին նա տեղեկացրել...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայ ժողովրդի գոյութենական պատերազմը տանուլ կտանք, եթե հրաժարվենք մեր ինքնության իրավունքի համար տարվող պայքարից
«Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տավուշում այս օրերին վճռվում է գալիք Հայաստանի հեռանկարը:...
Աղբյուր` Panorama.am
18:13
Սև բերետավորները դաժան ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներին
Ղազարյան Կարենը և Բեժանով Գարեգինը, որոնք պայքարում էին  Տավուշի հողերը միակողմանի հանձնելու դեմ, այսօր սև բերետավորների կողմից դաժան ծեծի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Կիրանցի բնակիչ. Խնդիրն իմ տունը կամ այգին չէ, խնդիրը բարձունքն է, կամուրջն ու ճանապարհը
Կիրանց գյուղի բնակիչ Գևորգ Սիմոնյանի տունը մեկն է այն տներից, որը գյուղի միջով իրականացվող սահմանազատման հետևանքով կարող է հայտնվել ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
«Կիրանցը կիսվում է, կեսն անցնում է Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանը Կիրանցի ժողովրդին ասել է, որ յոթ օր երաշխիք է տալիս, որ անվտանգ կլինեն, յոթ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Լիլիթ Գալստյան. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց համոզիչ և կանգուն
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Լիլիթ Գալստյանը գրում է. «Մեզանում ներազգային պառակտվածության,...
Աղբյուր` Panorama.am
17:38
Հրդեհ՝ Ջրառատում, քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն
Այսօր ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրառատ գյուղում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
17:30
Պետք է երեսով տալ այն հարամ հացը, որ ուտում են և փոխարենը ծառայություն մատուցում թշնամուն. Թաթուլ Մանասերյան
«Երբ պետության ղեկավարը երդվում է Սահմանադրության և Կտակարանի վրա ձեռքը դնելով՝ երկու բան է խոստանում՝ ապահովել անվտանգություն և երկրի...
Աղբյուր` Panorama.am
17:29
Խոսրով Հարությունյան. Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը
Հայաստանի նախկին վարչապետ,  ԱԺ նախկին Նախագահ Խոսրով Հարությունյանը գրում է. «Բեկել իշխանությունների սանձազերծած...
Աղբյուր` Panorama.am
17:24
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել
Այսօր՝ մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել...
Աղբյուր` Panorama.am
17:23
Լևոն Քոչարյանի օգնականին ներկայացվել է մեղադրանք
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին, որը երեկ Civic.am-ի լրագրողի հետ միջադեպ է ունեցել,...
Աղբյուր` Panorama.am
17:16
Տոկաևը ողջունել է Երևանի և Բաքվի պայմանավորվածությունն Ալմաթիում բանակցություններ վարելու վերաբերյալ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր նախապատրաստելու համար Ալմաթիում...
Աղբյուր` Panorama.am
16:58
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
Պետք է աշխատողներն ունենան կարճ աշխատանքային ժամ, բարձր աշխատավարձ, անձնական կյանքի հնարավորությունը, որ հետո էլ հաճույքով իրենց աշխատանքը կատարեն»։
Աղբյուր` Panorama.am
16:57
Սպասվում է անձրև, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում
Երևան քաղաքում մայիսի 1-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 2-ին կեսօրից հետո, 3-6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:25
Չեմ համագործակցի Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ. Հայկ Մարության
«Այն քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, մարդիկ, ովքեր ապացուցել են, որ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի մասին, մենք իրենց հետ չենք...
Աղբյուր` Panorama.am
16:11
Կիրանցի աղջիկ. Գյուղացիների մոտ անորոշությունը մեծ է
Նիկոլ Փաշինյանի հետ հանդպումից կիրանցի Գոհար Վարդանյանը դուրս եկավ արտասվելով։ «Ինչ կար, մնաց, ոչ մի փոփոխություն։ Մարդիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}