Եղիազարյան. Իշխանությունների համար դժվա՞ր է այդ 100 դրամը իրենք վճարեն, մյուս 100-ն էլ ուղևորը տա
Փոխադրող ընկերությունները անելանելի վիճակում են հայտնվել, յոթ երթուղի արդեն փակվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Նրա խոսքերով, սրանից տուժողներն առաջին հերթին ուղևորներն են. «Եթե առաջ մի կետից մյուս կետ հասնելու համար օգտվում էին մեկ երթուղուց և վճարում էին 100 դրամ, հիմա հասնելու համար պետք է երկու երթուղային նստեն և ստացվում է, որ վճարում են 200 դրամ»:
Ըստ նրա՝ վարորդների պակաս կա, շուրջ 200 փոխադրամիջոց առանց շահագործման կանգած են. «Եթե ուղևորավարձը չբարձրանա, ապա գնալով երթուղայինների թիվը նվազելու է, եղած փոխադրամիջոցներն էլ շարքից դուրս են գալու, և որոշ ժամանակ հետո տրանսպորտ չենք ունենալու: Ուղևորավճարի 200 դրամ լինելու դեպքում նման խնդիրներ չեն լինի»:
Վերջում Հ. Եղիազարյանն ավելացրեց. «Իշխանությունների համար դժվա՞ր է այդ 100 դրամը իրենք վճարեն, մյուս 100-ն էլ ուղևորը տա»: