Բա որ մի օր էլ «Գազպրոմ»-ի աշխատակիցների էսթետիկական ճաշակը բարձրանա…. Նաիրա Զոհրաբյան
ՀՀ Ազգային ժողովում այսօր շարունակվում է Գազի ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության քննարկումը: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ներկայացված հաշվետվությանը, հիշեցրեց, որ նախորդ կառավարության ժամանակ «հանկարծ» պարզվել է, որ կուտակվել է 300 մլն դոլարի պարտք, որի մասին ՀՀ ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև քաղաքական ուժերը ընդհանրապես տեղյակ չեն եղել:
«Այն ժամանակ քաղաքական ուժերը պարբերաբար հարց էին բարձրացնում` արդյոք գազի գինը բարձրացել է, բայց բոլոր պաշտոնական այրերը, այդ թվում` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու էներգետիկայի նախարարը, միաբերան պնդում էին, որ նման բան չկա: Սակայն, երբ իրականությունը պարզվեց, նախկին վարչապետն ասել էր` այո, մենք բանակցել ենք բանավոր: Այսինքն` տպավորությունն այնպիսին է, որ մենք գործ ունենք ոչ թե պետության հետ, այլ ինչ-որ խմբավորումների հետ, որոնք սխոդկաների մակարդակով իրար հետ բան էին խոսում, որի արդյունքում էլ պարզվեց` 300 մլն դոլարի պարտք ունենք կուտակած»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Անդրադառնալով գազի սակագնի մեջ ներառված ծաղիկների ու նկարների գումարին` 1,5 մլն դրամին, Ն.Զոհրաբյանը նկատեց. «Բա որ հանկարծ այդ կազմակերպության աշխատակիցների էսթետիկական ճաշակը բարձրանա, և ինչպես նշեց իմ գործընկերը, նրանք որոշեն իրենց ռելաքսն անցկացնել այնպիսի հանգստասենյակներում, որտեղ կախեն ոչ թե կրկնօրինակներ, այլ Տիցիանի կամ Ռենուարի բնօրինակը: Ի դեպ Տիցիանի ոսկեգույն և Ռենուարի վարդագույն երանգները շատ լավ հանգստացնում են նյարդերը: Ձևակերպումը, թե՝ հաշվի առնելով ինչ թալան է տեղի ունեցել համակարգում՝ թող այդ 1,5 մլն դրամն էլ հարկատուներից գանձվի՝ հարիր չէ քաղաքական ուժին»:
Ինչ վերաբերում է լոզանյան համաձայնագրին ու դրա հետևանքով Հայաստանի համար բացված հնարավորություններին, պատգամավորն ասաց, որ դրանից հետո լուրջ հեռանկար է բացվում Իրան- Հայաստան- Վրաստան էներգետիկ համագործակցության համար: