Արծրուն Հովհաննիսյան. Ընդունում ենք, որ կան պրոբլեմեր...
«Վիրավորված զինծառայողի ամբողջ բուժումը Հայաստանի տարածքում իրականացնում է պաշտպանության նախարարությունը համապատասան օրենքով՝ անկախ ինչ ծավալի բուժում է և որքան դրամական միջոցներ են անհրաժեշտ լինում: Նույն օրենքի համաձայն, Հայաստանի տարածքից դուրս բուժսպասարկման համար նախարարությունը պարտավոր չէ վճարել, ինչպես նաև ֆինանսական միջոցներն են սուղ, մինչդեռ արտասահմանում բուժումը սկսվում է 30 հազար դոլարից»,-«Զինված ուժերում վիրավորված զինծառայողների բուժսպասարկման հասանելիության խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Միաժամանակ նա նշեց, որ տարեկան առավելագույնը 4 զինծառայողի, ում անհրաժեշտ է արտերկրի կլինիկաներում բուժում, պաշտպանության նախարարությունը բացառությամբ բոլորին օգնում է. «Տալիս ենք այնքան, ինչքան ի վիճակի ենք»:
Ա. Հովհաննիսյանի խոսքով, արտասահմանում բուժման անհրաժեշտությունը բժիշկներն են որոշում, իրենք են ասում այս հիվանդությունը Հայաստանում կարող են բուժել 6 տարում, կամ երեք ամսում, ըստ այդմ էլ նախարարությունը հատկացնում է գումարը:
«Ծնողներ կան, ովքեր ասում են, որ չեն ուզում այստեղ բուժեն իրենց երեխաներին, ուզում են տանել, օրինակ Շվեյցարիա, բուժումն արժե 120 հազար դոլար, տվեք»,- ասաց նա՝ չնշելով առանձին դեպքեր:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցուցիչ Արմինե Սադիկյանն ասաց, որ 2014 թվականին իրենց դիմել է 41 զինծառայող՝ առողջական տարբեր խնդիրներով: Նրանցից ոմանք դիմել են հենց արտերկրում բուժում ստանալու համար:
«Ծնողները դիմում են նախարարությանը՝ օգնության համար: Շատ դեպքերում պաշտպանության նախարարությունը տրամադրում է այդ գումարը: Ուղղակի ասել, որ մենք ֆինանսական միջոցներ չունենք, հիվանդության բուժումը բավականին թանկ է, նախարարության վրայից չի վերցնում պատասխանատվությունը, որն նա ունի իր զինվորի առջև»,- ասաց նա՝ հավելելով, որ հարկավոր է օրենսդրական փոփոխություն կատարել և նախարարության տարեկան միջոցներ հատկացնել նման դեպքերի համար, քանի որ տարիների փորձը ցույց է տալիս, որ կան հիվանդություններ, որոնք Հայաստանում չեն կարողանում բուժել և անհրաժեշտություն է առաջանում բուժումը կազմակերպել արտերկրում:
Ա. Սադիկյանը նաև բերեց օրինակ, երբ զինծառայողին վիրահատել են ծառայության ընթացքում, ընդ որում՝ սխալ վիրահատություն են արել, ինչպես նաև անկախ բժշկական հետազոտության արդյունքում եզրակացություն է եղել, որ պետք է զորացրել տվյալ զինծառայողին, սակայն մի քանի ամիս պահելուց հետո նոր են զորացրում:
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի «Ապահով զինվորներ՝ անվտանգ Հայաստանին» ծրագրի համակարգողի օգնական Արտաշես Սերգոյանն էլ ասաց, որ խնդիրը պետության ընդհանուր մոտեցման մեջ է առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների նկատմամբ: Նա ներկայացրեց թվային տվյալներ, թե քանի զինծառայող է վաղաժամ զորացրվել առողջական խնդիրների պատճառով: Ա.Սերգոյանը նաև կարևորեց, որ զինծառայողը զորացրվելուց առաջ նույնպես բուժզննություն անցնի: Օրինակ` նշեց, որ մի զինծառայող զորացրվելու ժամանակ տաքություն է ունեցել, հիվանդանոցում մահացել է:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, հակառակորդի ազդեցությունը ուղիղ կապ ունի բոլոր դեպքերի հետ, զոհերի 99 տոկոսը շատ ուղիղ կապ ունեն պատերազմի հետ:
«Ձեզ թող չթվա, որ այդպես ասելով մեզ արդարացնում ենք կամ պատասխանատվությունը մեր վրայից հանում ենք: Պաշտպանության նախարարությունը երբեք իր վրայից չի հանում պատասխանատվությունը»,- ասաց նա:
Ա. Հովհաննիսյանի խոսքով, վերջին 3-4 տարում բանակից տասնյակ գնդապետներ, մի քանի գեներալ են ազատվել պարտականություները վատ կատարելու համար, իսկ զորակոչային ողջ գործընթացում հիմնական խոչընդոտը բժշկական հանձնաժողովների աշխատանքն է, որի մասին պարբերաբար խոսում է հենց պաշտպանության նախարարությունը:
Ա. Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներով, 2014-ին 2013 թվականի համեմատ, 60 տոկոսով նվազել են կարգապահական պրոբլեմներն ու դրանց հետևանքով տեղի ունեցած հանցագործությունները, սպանության և ինքնասպանության դեպքերը նույնպես նվազել են:
«Ընդունում ենք, որ կան պրոբլեմեր, դրա համար կա համակարգային և խորը բարեփոխումների ծրագիր, որն իր մեջ ներառում է միլիոնավոր գործառույթներ: Այն, որ 2010-11 թվականից հետո ոչ կանոնադրային հարաբերություրններում տեղի ունեցած սպանության, ինքնասպանության, ծանր հետևանքով հանցագործությունները նվազել են, փաստ է»,- ասաց պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց