«Այսպիսի ծիրանի բերք չեմ տեսել». Գյուղոլորտի ներկայացուցիչները վստահեցնում են՝ ծիրանի առատ բերք է սպասվում
Այս տարի ծիրանի և խաղողի առատ բերք է սպասվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար տեղակալ Սամվել Գալստյանը՝ հավելելով, որ այս տարի պտղի արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ կաճեն, քանի որ պայմանները նպաստավոր են:
«Գյուղատնտեսության ոլորտում 40 տարվա փորձ ունեմ, բայց այդպիսի ծիրանի բերք չեմ տեսել: Հիանալի բերք կա Արմավիրի մարզում»,- ասաց փոխնախարարը:
Նրա խոսքերով՝ չնայած նախորդ տարի Արմավիրում 9.24 հա խաղողի այգիներում հայտնաբերվեց ֆիլոքսերիա հիվանդություն, սակայն խաղողի արտադրության ծավալներն այս տարի կավելանան:
«Արդեն իսկ կատարվել են վարակի տարածումը կանխող միջոցառումներ: Այս տարի ուսումնասիրություններ կկատարվեն Արմավիրի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերում, որպեսզի խողողի այգիներում կարողանանք կանխարգելել հիվանդության տարածումը»,- ասաց Ս.Գալստյանը:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, գյուղատնտեսական տարին բարենպաստ է, գարնան ու աշնանը բնական պրոբլեմներ գրեթե չեն եղել այս տարի, չնայած օրեր առաջ Հայաստանի մի քանի մարզերում փոքր ծավալի կարկտահարության դեպքեր գրանցվեցին: Նրա խոսքերով՝ մասնագիտական խմբերը Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի և Արարատի մարզերում կատարել են նախնական ուսումնասիրություններ և ճշգրտվում է 12 համայնքներում հասցված վնասների չափը:
Հարցին, թե արդյոք կարկտահարությունից տուժած գյուղացիները վնասների փոխհատուցում կստանան, Ս.Գալստյանը խորհուրդ տվեց զգուշավորությամբ կիրառել փոխհատուցում բառը:
«Փոխհատուցում տրվում է այն դեպքում, եթե կա պայմանագրային հարաբերություններ: Ցանկացած տարերային աղետի դեպքում պետությունը պատրաստակամություն է հայտնել հնարավորությունների սահմաններում օժանդակել»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ վնասների չափը ճշգրտվում է, և վերջնական արդյունքը կներկայացվի Կառավարությանը:
Ինչ վերաբերում է գյուղոլորտի ապահովագրությանը, Ս.Գալստյանը նշեց, որ 2016թ-ին առաջին անգամ ապահովագրական ընկերություններից մեկը անասնապահության ճյուղում կիրականացնի պիլոտային ծրագիր:
Նախորդող հրապարակում՝
Անասնաբուծությունը դինամիկ աճ է գրանցում Հայաստանում. փոխնախարար
Կաթի մթերմամբ զբաղվող ընկերությունները պետք է փնտրեն ու գտնեն կաթի մթերման խելամիտ գին. Բաղիյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին