ՀՀ նախագահի մրցանակ շնորհվեց Ցեղասպանությունը վերապրած և ՀՀ-ում բնակվող 23 կանանց
ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցավ տարբեր բնագավառներում ՀՀ նախագահի` 2014թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Մրցանակները շնորհեց անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը ջերմորեն շնորհավորեց մրցանակակիրներին` իրենց ձեռքբերումների համար, շնորհակալություն հայտնեց կատարած կարևոր աշխատանքի համար և մաղթեց նոր հաջողություններ:
Նշենք, որ ՀՀ նախագահի մրցանակների հովանավորն է «Պողոսյան հիմնադրամ»-ը: Մրցանակի հիմնման օրվանից ի վեր (2001-2015թթ.) 306 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի, այդ թվում՝ 19 միջազգային:
ՀՀ նախագահի 2014 թվականի մրցանակներ շնորհվել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց, 2014 թվականի մրցանակ շնորհվել է նաև ցեղասպանությունը վերապրած` ՀՀ-ում բնակվող 23 կանանց, որոնցից 6-ը բնակվում են Երևանում, 17-ը մարզերում:
Մրցանակի գումարը՝ 23 միլիոն դրամը, հատկացվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից:
Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց նախագահի 2014 թվականի մրցանակ շնորհվեց նաև Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեին (Մերձավոր Արևելքի հիմնադրամ)՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում և հետպատերազմյան տարիներին Հայոց ցեղասպանությունը վերապրած բազմահազար գաղթականներին և որբերին ամերիկյան ժողովրդի հանգանակած միջոցներով անգնահատելի օգնություն ցուցաբերելու և նրանց կյանքը փրկելու համար:
Մերձավոր Արևելքի հիմնադրամի նախագահ Շառլ Բենջամինը շնորհակալություն հայտնեց նախագահին ստացած մրցանակի համար և նշեց. «Մերձավոր Արևելքի հիմնադրամի պատմությունը և գործունեությունը ամերիկյան և հայ ժողովուրդների միջև ստեղծված ամուր կապերի արտացոլումն է: Մենք հատկապես կարծում ենք, որ ամերիկացիները պետք է իմանան իրենց ազգային պատմության այդ հատվածի մասին, դրա հետևում կանգնած եղեռնագործության, ինչպես նաև ամերիկյան և հայ ժողովուրդների միջև վաղեմի ամուր կապերի գոյության մասին»:
Նախորդող հրապարակում՝
Սա է հայ ժողովրդի պատասխանը մեզ ոչնչացնել ու վերացնել ծրագրողներին. ՀՀ Նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին