Հասարակությունն էլ պետք է ընտրի՝ ուզո՞ւմ է գնալ քաղաքականացման ճանապարհով, թե՞ ոչ. Սերգեյ Մինասյան
Սոցիալական ընդվզման գլխավոր պատճառն այն է, որ Հայաստանում հասարակությունը դժգոհ է սոցիալական-տնտեսական իրավիճակից, հասարակական-հոգեբանական մթնոլորտից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ընթացող բողոքի ակցիային:
Քաղաքագետի խոսքերով՝ վերջին շրջանում հասարակությունը լիովին կորցրել է քաղաքական դիրքորոշման արտահայտման մեխանիզմները: Այսինքն՝ չկան մեխանիզմներ իրենց մոտեցումները գոնե ձևական առումով հասցնեն իշխանություններին:
«Այն բանից հետո, երբ փետրվարին «քաղաքական ինքնասպանություն» արեց ԲՀԿ-ն, ինչպես նաև վերջին տարիների ընթացքում քաղաքական ընդդիմությունը կորցրեց քաղաքական լծակները, հետևաբար, տեսնում ենք, որ քաղաքական պայքարը խորհրդարանից դուրս է գալիս փողոց»,- ասաց Ս.Մինասյանը՝ հիշեցնելով Մաշտոցի պուրակի դեպքերը, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաները:
Սակայն, ըստ քաղաքագետի, այսօր Բաղրամյան պողոտայում իրավիճակն այնպիսին է, որ այս սոցիալական շարժումը չունի քաղաքական ղեկավարություն, դա բնորոշ է նմանատիպ ակցիաներին, բայց դա ևս վտանգավոր է:
«Արդյունքում, իշխանությունները նույնիսկ շատ ցանկանալու դեպքում ի վիճակի չեն գտնելու լուրջ գործընկերոջ, որը ավելի ու ավելի բարդացնում է իրավիճակը»,- ասաց Ս.Մինասյանը:
Քաղաքագետի կարծիքով՝ այս իրավիճակից դուրս գալու լուծումները պետք է քաղաքական լինեն, իսկ դա նշանակում է, որ իշխանությունները պետք է մտածեն, թե ինչպես են բացելու քաղաքական դաշտը:
«Այսինքն՝ իշխանությունները այլընտանք չունեն և պետք է փորձեն բացել իրական քաղաքական դաշտը՝ ընդդիմադիր ուժերի համար, քանի որ հասարակությունը համաձայն չէ, որ խորհրդարանում մեծամասամբ լինեն իշխող կուսակցության ներկայացուցիչները: Արդյոք իշխանությունները համապատասխան դասեր կքաղեն այս իրավիճակի և կգնան այդ քայլերին, չեմ կարող ասել, բայց շատ կուզեի, որ այդպես լիներ»,- ասաց Ս.Մինասյանը:
Նա միաժամանակ նշեց, որ հասարակությունն ուզում է արագ փոփոխություներ, ինչը հնարավոր չէ: Ըստ նրա ՝ կան մարդիկ, որոնք կարծում են, թե այս շարժումից հետո ամեն ինչ լավ կլինի, էլեկտրաէներգիայի գինը չի թանկանա, բայց նման բան հնարավոր չէ:
«Շարժումը ուշ թե շուտ քաղաքականացվելու է, ինչին երեկ բոլորս ականատես եղանք: Եւ այն երիտասարդները, որոնք կազմակերպել էին ակցիան, այսօր դուրս են մնացել դաշտից և հիմա գնում է քաղաքականացման լուրջ գործընթաց: Իսկ թե ինչով դա կավարտի, կարծում եմ, որ բոլորն են դա պատկերացնում: Այո, որոշ մարդիկ փորձում են ակցիան ղեկավարել, բայց հասարակությունը պետք է հասկանա, որ դա վտանգավոր է և պետք է կանգնել կարմիր գծի առաջ»,- նշեց Ս.Մինասյանը:
Նա նաև ասաց, որ հասարակությունն էլ պետք է ընտրի՝ արդյոք ուզո՞ւմ է գնալ քաղաքականացման ճանապարհով, թե՞ ոչ. «Իհարկե նման դեպքում հասկանալի է, որ իշխանությունների արձագանքն էլ այլ կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին