ՌԴ-ում Հայաստանից տարված թառափ ձկնատեսակի խոշոր խմբաքանակը թյուրիմացաբար է այրվել. Արթուր Աթոյան
Ռուսաստանում Հայաստանից տարված թառափ ձկնատեսակի խոշոր խմբաքանակը թյուրիմացաբար այրվել է համապատասխան կառույցի չինովնիկների անտեղյակության պատճառով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարդյունաբերողների միություն» ՀԿ-ի նախագահ Արթուր Աթոյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանում Հայաստանից տարված թառափ ձկնատեսակի խոշոր խմբաքանակ է առգրավվել ու ոչնչացվել: Ըստ «Վեստի Սոչի»-ի՝ խոսքը 200 կգ սիբիրյան թառափի մասին է, որն առգրավվել է Սոչիի օդանավակայանում: Ապրանքը նախատեսված է եղել տեղական ձեռնարկություններից մեկի համար:
«Թյուրիմացությունը ճշտելու և ժամանակավրեպ հայտարարություններ չանելու համար, մենք նախապատրաստում ենք համապատասխան գրություն, որը պետք է ուղարկվի տվյալ մաքսատուն: Մենք պետք է գործնական քայլերի և միջոցների դիմենք, որպեսզի հետագայում նաև վնասի փոխհատուցման հարց բարձրացնենք»,-տեղեկացրեց Ա.Աթոյանը:
Նա նաև նշեց, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ մոտ 2-3 օր այդ խմբաքանակը մնացել է Սոչիի մաքսակետում, որի ընթացքում ապրանքը պահպանման ժամկետի խախտման պառճառով սկսել է որակական հատկանիշները կորցնել. «Այդ ընթացքում Սոչիի մաքսավորները առաջնորդվել են ոչ թե ԵՏՄ անդամ երկրին վերապահված իրավունքների տեսակետից, ըստ որի՝ ԵՏՄ անդամ երկիրը իրավունք ունի ոչ թե արտահանելու, այլ տեղափոխելու ապրանքը, այլ առաջնորդվել են մինչև Հայաստանի ԵՏՄ անդամ դառնալու իրեն վերապահված իրավունքներից, որը ենթադրում է ոչ թե ապրանքի տեղափոխում, այլ արտահանում»:
«Հայ ձկնարտադրողների և ձկնարդյունաբերողների միություն» ՀԿ-ի նախագահը հստակեցնելով խոսքը՝ նշեց, որ մինչև 2015թ-ի հունվարի 1-ը ՀՀ-ն արտահանող երկիր էր Ռուսաստանի Դաշնության և ԵՏՄ անդամ մյուս երկրների համար, սակայն 2015թ-ի հունվարի 1-ից՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, Հայաստանը ոչ թե արտահանող, այլ տեղափոխող երկիր է:
«Թյուրիմացությունը կայանում է նրանում, որ համապատասխան կառույցի ներկայացուցիչները առաջնորդվել են նախկին օրենսդրության պահանջներով»,-ասաց Ա.Աթոյանը:
Հարցին, թե արդյոք միտումնավոր չի արվել այդ ամենը, նա պատասխանեց, թե չի կարծում միտումնավոր է արվել, սակայն, եթե նույնիսկ միտումնավոր եղած լինի, ապա կարիք չկա դա ընդունել որպես միտումնավոր քայլ. «Մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելով՝ կհամարենք թյուրիմացություն, բայց մեր նպատակն է, որ շտկվի այդ ամենը, որպեսզի հետագայում նման գործառույթներ թույլ չտան մեր նկատմամբ»:
Նաև տեղեկացրեց, ՀՀ կառավարությունը նույնպես քայլեր է ձեռնարկում՝ տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին