EuFoA. Հայաստանն ավելի շատ բան է արել սիրիացի փախստականների համար, քան որևէ այլ եվրոպական երկիր
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությանը հրապարակել է ուսումնասիրություն, որտեղ վերլուծվել է ԵՄ-ի անդամ երկրների, Հայաստանի և Մերձավոր Արևելքի երկրների արձագանքը սիրիական ճգնաժամի արդյունքում առաջացած փախստականների խնդրին` գալով այն եզրահանգման, որ Հայաստանի գործադրած ջանքերը փախստականներին օգնելու հարցում ցույց է տալիս, որ այդ երկիրը եվրոպական արժեքների իսկական կրողն է:
«Հայաստանը Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց ի վեր ընդունել է շուրջ 17 հազար սիրիացի փախստականների: Միայն 2 պետություն `Գերմանիան և Շվեդիան են ընդունել ավելի մեծ թվով սիրիացի փախստականների, քան Հայաստանը, մինչդեռ այս 2 պետություններն էլ դասվում են Եվրոպայի ամենաուժեղ տնտեսություն ունեցող երկրների շարքին, իսկ Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 10 անգամ ավելի ցածր է, քան Եվրոպայի ՀՆԱ-ի միջին ցուցանիշը:
Այդուհանդերձ, Հայաստանը մեկ բնակչի հաշվով ամենաշատ սիրիացի փախստականներ ապաստանած երկիրն է, քանի որ 1000 բնակչի հաշվով այն հյուրընկալել է 6 փախստականի`գերազանցելով Գերմանիային (1) և Շվեդիային (4)»,-նշվում է կազմակերպության հրապարակած մամլո հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով Հայաստանի սոցիալ-տնտեսական հանգամանքները` ուսումնասիրության մեջ նշվում է, որ Հայաստանը սիրիացի փախստականներին օժանդակելու և ապաստանելու տեսանկյունից ավելի շատ բան է արել, քան ցանկացած այլ Եվրոպական երկիր:
Ըստ հրապարակման`այն ժամանակ, երբ բախվելով փախստականների խնդրին` եվրոպական պետությունները տարբեր վճիռներ էին կայացնում ու փորձում էին քվոտաների միջոցով բաշխել ներգաղթյալներին միմյանց մեջ, Հայաստանի կառավարությունը ցույց տվեց, որ պետությունը պետք է պատրաստ լինի ողջունել փախստականներին` դա համաձայնեցնելով միջազգային ու տեղական կառույցների հետ:
«Բոլորը խոսում են փախստականների ճգնաժամի մասին: Ցավոք սրտի, մենք շատ բան չենք լսում Հայաստանի մասին, որը, իրոք, աշխարհին հիշեցնում է, թե ինչ է նշանակում Եվրոպական համերաշխությունը: Այս զեկույցը հրապարակելով` մենք ցանկանում ենք մարդկանց ցույց տալ և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանը իսկապես եվրոպական արժեքների մաս է կազմում»,- ասել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Էդուարդո Լորենցոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին