35 աստիճանի այրվածք, բազուկների կոտրվածք, վնասվածքներ. Ի՞նչ վիճակում են Գյումրիի ՃՏՊ-ի վիրավորները
Շիրակի մարզի Հոռոմ-Գուսանագյուղ գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցած ողբերգական ՃՏՊ-ի հետևանքով յոթ վիրավորներից մեկին` 17-ամյա երիտասարդին տեղափոխել են Երևան «Էրեբունի» ԲԿ` գանգի կոտրվածքի կասկածով, սակայն դա հերքվել է: Երիտասարդն այժմ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, վիրահատության կարիք չկա: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նա նաև փոխանցեց, որ վիրավորներից մեկը բժշկական օգնություն ստացել է և արդեն տանն է: Ինչ վերաբերում է մյուսներին.
«Գյումրիի բժշկական կենտրոնում շարունակում են մնալը հինգը. 14-ամյա երիտասարդը, որը վիրահատության կարիք ունի, քանի որ երկու բազուկները և անրակները կոտրված են և եթե ծնողները ցանկանան, նրան կտեղափոխենք Երևան, իսկ եթե ոչ, ապա Գյումրիում այդ վիրահատությունն անելը հնարավոր է: Մի քիչ ծանր վիճակում է գտնվում մի կին, որը 35 աստիճանի այրվածքներ է ստացել, այս պահին նրա բուժումն իրականացվում է այրվածքային կենտրոնի մասնագետների խորհրդակցությամբ»:
Ինչ վերաբերում է մյուս երեքին, ապա նրանք տարբեր կոտրվածքներ ու վնասվածքներ ունեն:
Հիշեցնենք, նախօրեին երեկոյան նշված վայրում իրար են բախվել մարդատար ГАЗель-ն ու բեռնատարը, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է առաջացել: Յոթ մարդ մահացել է տեղում: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հդովածի 3-րդ մասի հատկանիշներով։
«Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները վթարի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հարակից հրապարակում`
Շիրակում տեղի ունեցած վթարի գործով ձերբակալված կա
ՃՏՊ Շիրակի մարզում` հրդեհի բռնկմամբ. կա 7 զոհ