Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամի որդիների նկատմամբ քրեական գործ կհարուցվի
Նոր Նորքի 4-րդ զանգվածում 24-ամյա Դավիթ Օհանյանի սպանության գործով մեղավորների շրջանակը հայտնի է. նրանց մեջ են մտնում նաև Երևանի ավագանու անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արտակ Ավետիսյանի որդիները: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Նոր Նորքի ոստիկանապետ Մուշեղ Օհանյանը: Նա ասաց, որ այսօրվա դրությամբ բացի Վարաժ Մանուկյանից, որը կասկածվում էր Օհանյանի սպանության մեջ, դեռևս այլ ձերբակալված չկա:
«Ենթադրվում է, որ բոլորը, ովքեր մասնակցել են խուլիգանությանը, ձերբակալվելու են», -մեզ հետ զրույցում ասաց Մուշեղ Օհանյանը: Հարցին, թե դրանք քանիսը կարող են լինել, ոստիկանապետը պատասխանեց, որ հանցագործների թիվը հնարավոր է հասնի շուրջ տասնյակի ու նրանց նկատմամբ քրեական գործեր կհարուցվեն: «Պարտադիր: Արդեն հանցագործների շրջանակը ամբողջությամբ հայտնի է», -հավելեց Օհանյանը:
Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք, հանցագործների կազմում են նաև Երևանի ավագանու անդամ Արտակ Ավետիսյանի որդիները, Օհանյանը պատասխանեց. «Այո, հաստատ ասում եմ, նրանք մտնում են հանցագործների շրջանակի մեջ: Նրանց նկատմամբ քրեական գործ կհարուցվի, որովհետև խուլիգանության մասնակից են»:
Նոր Նորքի 4-րդ զանգվածում կյանքը մի տեսակ տխուր է, ճանապարհի եզրերին շարունակում են մնալ սև ժապավենները, որոնք գուժում են 24-ամյա Դավիթ Օհանյանի մահվան մասին:
Հիշեցնենք, որ այս թաղամասում սեպտեմբերի 20-ին, ըստ պաշտոնական հաղորդագրության, մի խումբ երիտասարդների միջև տեղի ունեցած վիճաբանության արդյունքում 24-ամյա Դավիթ Օհանյանն էր սպանվել, իսկ Հակոբ Բուդաղյանը դանակի հարվածի հետևանքով կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` Քր. Օր.-ի 34 (հանցափորձ)-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «երկու կամ ավելի անձնաց սպանությունը» հատկանիշներով: Հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1987 թվականին ծնված Վարաժ Մանուկյանը, 2005 թվականի քիք-բոքսինգի Եվրոպայի առաջնությունում դարձել է ոսկե մեդալակիր, 2006 թվականին` ԱՊՀ երկրների առաջնության ոսկե մեդալակիր, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Թաղամասի բնակիչները, սակայն, վստահ պնդում են, որ Դավիթին սպանողը Վարաժ Մանուկյանը չէ: Նրանք նույնիսկ բաց նամակ են հղել ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին:
«Որքա՞ն պետք է շարունակվի հանցավորությունն ու հանցագործությունները» վերնագրով նամակում նրանք նշում են. «Անուշադրության, կրիմինալի և ոստիկանության սերտ հարաբերությունների, քաղաքական «մեջք» ունեցողների շնորհիվ Նոր Նորքի 4-րդ զանգվածում տեղի ունեցավ հերթական դանակահարությունը,այս անգամ՝ մահացու ելքով: Մահացավ Ղարաբաղյան պատերազմում կռիվ տված մարդու որդի՝ ազնիվ ու բարի 24-ամյա Դավիթ Օհանյանը: Նրա ապագան խոստումնալից էր... Բոլորին էլ հայտնի է, որ ծեծկռտուքին մասնակցել է 20-ից ավելի մարդ,այդ թվում 15-17-ը եղել են հանցագործություն կատարողի` Վարաժ Մանուկյանի ընկերները: Թաքցնում են, չեն ուզում պատժել:
Հարգելի Նոր Նորքի ոստիկանության պետ պարոն Մուշեղ Օհանյանը չի մտածում, որ վաղը այդ հանցագործները հնարավոր է իր ընտանիքին, բարեկամին կամ մերձավորին վնասեն:
Ինչո՞ւ մինչ այսօր չի ասվում, որ կռիվ սարքողն ու անմիջական մասնակիցը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտնի ավագանի Արտակ Ավետիսյանի որդի Նարեկն ու նրա ոհմակն են:
2 տարի է՝ հանգիստ չենք քնում էտ լակոտների պատճառով, կասեք՝ չգիտենք ովքեր են, ասում ենք, բոլորը գիտեն` Նարեկ Ավետիսյան, Տարոն Ավետիսյան, Ռաֆայել Ավետիսյան, Թադևոս Ավետիսյան, սրանք Արտակ Ավետիսյանի տղաներն են:
Չգիտեք, որ դեպքի վայրում եղել են իրենց մեքենաներով` «Մերսեդես 19-004», «Մերսեդես 99-991», «Վազ 2121 65-555», «Գրանդ Չերոկի 08-778»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Բաղդասար Մհերյանը, Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով իր կուսակցի վարքագծին, որի մասին բնակիչները գրել էին նամակում, ասաց. «Ես ինչ կարող եմ իմանալ, դա ճիշտ է, սխալ է»: ՈՒ նաև հավելեց, որ ԲՀԿ-ն դատապարտում է «հանցագործության ցանկացած դրսևորում»: «Ցավալի միջադեպ է, որի հետևանքով մարդ է մահացել, նախաքննական փուլում է, և նրանք կտան բոլոր հարցերի պատասխանները», -հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ