Ավետիք Բուդաղյանը եղել է հաշտարարի դերում և ագրեսիա չի ցուցաբերել, բայց իր վրա կրակել են. Փաստաբանի բացահայտումը
«Այս կադրերից պարզ է երևում, թե առաջինն ով է կրակել և ում վրա է կրակել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը` ներկայացնելով նախաքննական մարմնի ուսումնասիրած տեսագրությունը, որը ձայնով է, ամբողջական է, և ինչպես Ալումյանն է պնդում, մոնտաժված չէ:
Նախ նա հայտարարեց, որ հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի 2500 էջերից բաղկացած նյութերից նախաքննական մարմինը իրեն տրամադրել է ընդամենը 210 էջը: Դա հիմք է տվել փաստաբանին եզրակացնելու, որ նախաքննական մարմինն ինչ-որ փաստեր թաքցնում է: «Քննչական ծառայությունն այսօր արհեստականորեն ձգձգում է նախաքննությունը, որը գնում է ընդամենը Արտակ Բուդաղյանի մասով իբր ինքը սպառնալիքներ է տվել: Այս մի փոքր դրվագն օգտագործելով՝ ձգձգում են նախաքննությունը և գործի նյութերը չեն բերում դատարան: Ինչքան դրվագ են օգտագործում, որ այս գործի նյութերը մեզ հասանելի չլինեն», -հայտարարեց փաստաբանը:
Այնուհետև վերծանելով տեսագրության կադրերը, Ալումյանն ասաց. «Ավետիք Բուդաղյանը մեքենայից դուրս գալուց իր եղբորը` Արտակ Բուդաղյանին հրելով իջեցնում է ներքև: Տնեցիներից երկու կին, որոնցից մեկը Լորետա Բարսեղյանը (Սուրիկ Խաչատրյանի կինն է) հրելով իջնում են, հնչում է երեք կրակոց: Մինչեւ այս պահը տեսնում եք ինչով է զբաղված սպանվածը՝ Ավետիք Բուդաղյանը: Ինքը մեքենայից դուրս չի գալիս, հետո իր մեքենայով փակում է եղբոր մեքենայի ճանապարհը, նոր իջնում է և եղբորն է հրում ներքև:
Նրա գործողությունների մեջ որևէ ագրեսիա չկա, հակառակը՝ Ավետիքը հանդես է գալիս հաշտարարի դերում իր եղբոր և Սուրիկ Խաչատրյանի կողմնակիցների միջև: Այդտեղ արդեն նոր հնչում են հրաձգությունները: Ավետիք Բուդաղյանը մահացել է, և նրա վրա ուղղված կրակոցների ժամանակ Ավետիքը որևէ վտանգ չի ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի ու նրա կողմնակիցների համար: Մոնտաժված տարբերակի մեջ այն կադրերը, որ Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է, սկսում են կրակել լղոզված են: Ես ինքս նայելով այդ տարբերակը՝ չէի կարողանում հասկանալ, թե որ պահին Տիգրան Խաչատրյանը կրակեց»:
Նկատենք, որ գործով սկզբնական շրջանում մեղադրյալներ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը այլևս մեղադրյալներ չեն. Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ քրեական գործը կարճվել: Նախաքննական մարմնի կողմից այդ քայլին գնալու պատճառաբանությունն այն էր, որ Խաչատրյանն ու Նիկողոսյանը դիմել են ինքնապաշտպանության:
Փաստաբան Ալումյանը խոսեց նաև Ավետիք Բուդաղյանի ստացած վերքերի մասին և ասաց, որ դրանցից մեկն ունի վերևից ներքև ուղղություն, որն էլ հենց վերջին կրակոցն է եղել: Ալումյանի խոսքով, գործը վարող քննիչը մինչ այժմ չի կարողանում բացատրել, թե այդ կրակոցը որտեղից և ինչպես է ստացվել:
«Գնդակներից մեկը դիպչում է ուղիղ Ավետիքի կողքը և արտացոլվում վերև: Վերևից՝ այդ շենքից ինչ-որ մեկը կրակել է և այդ մասին իր ցուցմունքում ասել է նաև Արտակ Բուդաղյանը: Ուշադրություն դարձրեք ձայներին: Կա մի կրակոցի ձայն, որը զգալիորեն տարբերվում է բոլոր մնացած կրակոցների ձայներից: Փորձագետները այսպիսի հնարամիտ պատասխան տվեցին, թե երկու ձայն միաժամանակ համընկել է: Եթե համընկել է, այդ դեպքում պետք է բացատրվի, թե ով է կրակել երկրորդը: Եվ հետո, եթե երկու կրակոց է համընկել, որտե՞ղ է երկրորդ պարկուճը: Այս հարցի պատասխանը քննիչի մոտ չկա», -հայտարարեց փաստաբանը` պնդելով նախորդ անգամներն արած իր հայտարարությունը, որ Արտակ Բուդաղյանը վերևից` տնից կրակող է տեսել:
Նշենք, որ նախաքննական մարմինը հայտարարել էր, որ Արտակ և Ավետիք Բուդաղյանների մարմնի վրա, փորձաքննությունների եզրակացություններով, թիկունքից մարմնական վնասվածքներ չեն եղել:
Նախորդող հրապարակում.
«Բուդաղյանը սպառնացել է վերացնել Խաչատրյանների ցեղը». Փաստաբանների բացահայտումը (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց