Շեկոյի դեմ քրեական գործը կարճվել է` ինքնապաշտպանության հիմքով
Գյումրիում այս տարի ապրիլի 23-ին տեղի ունեցած աղմկահարույց կրակոցների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը գրեթե ավարտվել է և շուտով կուղարկվի դատարան:
Այս գործով միակ կալանավորված Գյումրիի նախկին քաղաքապետի եղբոր որդի Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս շաբաթ կողմերին կհանձնեն քրեական գործի նյութերը` ծանոթանալու համար:
Սակայն մի հանգամանք, ըստ Ալումյանի, այս գործով անընդունելի է. դեպքի օրը, կրակոցների հետևանքով մահացած Արտյոմ Կարապետյանի, ով առավել հայտնի է Շեկո անունով, նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է` ինքնապաշտպանություն գործելու հիմքով:
«Վահե Ղուկասյանի վրա կարկողի` Շեկոյի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, որովհետև նա պաշտպանության պայմաններում է նրա վրա կրակել: Հատկանշական է, որ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ թե այն պատճառաբանությամբ, որ ինքը մահացել է, այլ այն բանի համար, որ ինքը պաշտպանվել է», -մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հայկ Ալումյանը` նշելով, որ այդ որոշումը վերացնելու մասին բողոք է ներկայացրել դատախազություն:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել է, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն, ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածքներով Գյումրիի հիվանդանոց էին տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (քավոր Հարութ) և Արտյոմ Կարապետյանը` Շեկոն, որը ստացած վնասվածքներից մահացել էր: Կատարվածի կապակցությամբ ձերբակալված Վահե Ղուկասյանը, որը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է, խոստովանել է, որ ինքն է կատարել հանցանքը: Ձերբակալվել էր նաև Քավոր Հարութի որդին` Գ. Խաչատրյանը, սակայն վերջինի անչափահաս լինելու պատճառով նրան ազատ էին արձակել:
Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։ Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, ինքնաձիգի 4 պարկուճ, «Մակարով» ատրճանակի 3 պարկուճ և 1 կրակված գնդակ: