Գյումրիի աղմկահարույց գործով ամբաստանյալ Վահե Ղուկասյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Գյումրիի նստավայր) Գյումրիում նախորդ տարի ապրիլին տեղի ունեցած աղմկահարույց գործով ամբաստանյալ Վահե Ղուկասյանը մարտի 14-ին դատական նիստից հետո վատացել է և նրան տեղափոխել են Արթիկի քաղաքացիական հիվանդանոց: Panorama.am-ի ունեցած այս տեղեկությունը հաստատեց նաև ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Վահե Ղուկասյանը, նկատենք, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին է:
«Դատից հետո իրեն երբ տանում են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ, կտրուկ վատ է զգում, շտապօգնություն են կանչում, տեղափոխում են հիվանդանոց, անալիզներ են վերցնում և նորից տեղափոխում քրեակատարողական հիմնարկ», -իրավիճակը ներկայացրեց Գոռ Ղլեչյանը` նշելով, որ ստամոքսի խանգարումներ են եղել նրա մոտ:
Ղլեչյանը նաև տեղեկացրեց, որ Վահե Ղուկասյանն այսուհետև կպահվի ոչ թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, այլ «Արթիկ» ՔԿՀ-ում, մինչև դատը կավարտվի:
Համեմատության համար նկատենք, որ նույն Գյումրիում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով ամբաստանյալ Հարություն Սարգսյանին ամեն անգամ դատի օրերին «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխում էին Գյումրի` դատական նիստերին մասնակցելու համար: Շատ հաճախ Սարգսյանին տեխնիկական պատճառներով նույնիսկ չէին տեղափոխում նիստերին մասնակցելու:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա ապրիլին Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտ կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով Գյումրիի բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիում հեղինակություններ համարվող Հարություն Խաչատրյանը («Քավոր Հարութ») և Արտյոմ Կարապետյանը («Շեկո»): Վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Վահե Ղուկասյանին սպանությունը կազմակերպելու և կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով:
Նախորդող հրապարակում`
Շեկոյի դեմ քրեական գործը կարճվել է` ինքնապաշտպանության հիմքով