Վոլոդյա Ավետիսյանի գործով առաջին դատական նիստը կկայանա մարտի 26-ին
Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստը կմեկնարկի մարտի 26-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նիստը կնախագահի դատավոր Լևոն Ավետիսյանը:
Մեղադրական եզրակացության համաձայն, Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, «խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013-ի հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար»: Սակայն, ըստ մեղադրանքի, Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից:
Ավետիսյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է միանգամից երկու հոդվածներով` ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2,5 կետով:
Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Արա Զաքարյանը սակայն, բազմիցս հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն է:
Մեղադրանքը դատարանում կպաշտպանի ՀՀ զինվորական դատախազությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց