Ազատամարտիկին ծեծելով սպանելու գործով երկու անձ կալանավորվել է
Նոր Նորքում ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանին ծեծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6 և 14 կետերի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը կազմակերպված խմբի կողմից ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ»:
Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ այս գործի շրջանակներում կալանավորվել է երկու անձ` Սարգիս Ղուկասյանը և Գևորգ Սարգսյանը։
Ոստիկանությունից փոխանցեցին, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 13-ին, իսկ Վարդան Թումանյանը, որին ընկերները անվանել են «Ձի Վարդան», մահացել է հուլիսի 15-ին, հիվանդանոցում:
Այսօր «Հրապարակ»-ը գրել էր, որ «խմբագրություն այցելած կանայք պատմել էին դեպքի մասին և ասել, որ Վարդանին սպանել են մի քանի հոգի, ովքեր կարատեի և այլ մարտարվեստների չեմպիոններ են և այժմ Նոր Նորքի «ԷԼԼԱ» գիշերային ակումբում «ախրաննիկ» են աշխատում: «Նրանց «կռիշան» դատախազներ են։ Գլխավոր «հերոսը» Գևորգ Սարգսյանն է, մականունը՝ Ջունգլ, որի հոր հետ հանգուցյալը վեճի է բռնվել, ու տղան էլ կանգնել է հոր թասիբին, իսկ նրան օգնել են բարեկամներ Սարգիսն ու Վիկտորը և հայրը՝ Բաբկենը։ Ջունգլը հեռուստաեթերի «աստղ», գուշակ Անահիտի որդին է»:
Հարակից հրապարակում`
«Էլլա» գիշերային ակումբի ախրանիկները ծեծելով սպանել են ազտամարտիկին