iLur-ը և «Հրապարակ»-ը կբողոքարկեն իրենց վերաբերող նիստը դռնփակ անցկացնելու մասին որոշումը
Այսօր Վերաքննիչ դատարանում հետաձգվեց iLur.am կայքի և «Հրապարակ» օրաթերթի բողոքի քննությունն ընդդեմ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշման:
Հիշեցնենք՝ iLur»-ն ու «Հրապարակ»-ը տեղեկացրել էին, որ մայիսի 7-ի, լույս 8-ի գիշերը Գյումրիում բռնության է ենթարկվել հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը՝ եղբոր հետ: Բռնություն գործադրողը Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանն է եղել: Ըստ հրապարակումների` ոստիկանապետն ալկոհոլի ազդեցության տակ է գտնվել, կանգնեցրել է երիտասարդների վարած մեքենան: Սկզբում Հատուկ քննչական ծառայությունը նյութեր էր նախապատրաստել լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա, այնուհետև գլխավոր դատախազությունը որոշել է քրեական գործ հարուցել պաշտոնեական լիազորությունները զենքով կամ հատուկ միջոցներով զուգորդված բռնություն գործադրելով անցնելու հոդվածով և ուղարկել այն ՀՔԾ քննության: Այնուհետև տեղեկատվության աղբյուրը բացահայտելու միջնորդությամբ ՀՔԾ-ն դատարան էր դիմել ու դատարանը` ի դեմս դատավոր Գագիկ Խանդանյանի, առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայության, այն բավարարել էր:
Վերաքննիչ դատարանում այսօրվա դատական նիստը, որը նախագահում էր դատավոր Եվա Դարբինյանը, որոշվել էր անցկացնել դռնփակ ռեժիմով: Այդ որոշմանը, սակայն, տեղյակ չէին հայցվոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց դատական կարգադրիչները թույլ չտվեցին մտնել նիստերի դահլիճ: Փոխարենը, նիստերի դահլիճ մտավ «Հրապարակ» օրաթերթում այդ հոդվածի հեղինակ, լրագրող Սյուզան Սիմոնյանը, ում սակայն թույլ չտվեցին մնալ ներսում, քանի որ վերջինն իր մոտ թերթից բերված լիազորագիր չուներ:
«Մենք նույնիսկ տեղյակ չէինք, որ որոշվել է դռնփակ անցկացնել նիստը, և այս ամբողջը մեր կարծիքով, արվում է հատուկ մամուլի դեմ: Սա մարտահրավեր է, սա ձեռնոց է նետած մամուլին: Սա արվում է լրագրողների բերանը փակելու, պաշտոնական լրահոսի հույսին մեզ թողնելու համար», -լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սյուզան Սիմոնյանը` ընդգծելով, որ դատարանի որոշումը շատ վտանգավոր նախադեպ կարող է լինել լրատվամիջոցների համար:
Նիստից հետո հայցվոր լրատվամիջոցների ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում հայտարարեցին, որ իրենք ընդդիմացել են նիստը դռնփակ անցկացնելու մասին որոշմանը և միջնորդել դռնբաց անցկացնել այն: Սակայն դատարանը չի բավարարել այդ միջնորդությունը: Այժմ պաշտպանները պատրաստվում են բողոքարկել` Վերաքննիչ դատարանի` դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին որոշումը:
«Այս պահի դրությամբ՝ մենք պայքարում ենք, որպեսզի այս դատաքննությունը դռնբաց անցկացվի՝ համարելով, որ չկան հիմքեր այն դռնփակ անցկացնելու համար, որովհետև լրատվամիջոցներից որևէ մեկը չի միջնորդել այն դռնփակ անցկացնելու մասին», - նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց «iLur»-ի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը:
Հարակից հրապարակում`
Դատարանը դուրս է եկել լիազորությունների շրջանակներից՝ պարտավորեցնելով ԶԼՄ-ներին բացահայտել աղբյուրը. Քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան