Նեմցովի սպանության գործով մոտ 20 փորձաքննություն է նշանակվել
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մոտ 20 փորձաքննություն է նշանակվել: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով կասկածյալներից մեկի փաստաբան Իվան Գերասիմովի խոսքը:
«Գործով նշանակված են մեծ ծավալի փորձաքննություններ, մոտ 20՝ դատաբժշկական, կենսաբանական, մոլեկուլային-գենետիկական, քրեագիտական և այլն»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Անհայտ անձը կամ անձիք, ովքեր նախնական վկայությունների համաձայն, եղել են սպիտակ մեքենայով, կրակ են բացել քաղաքական գործչի ուղղությամբ, արձակելով վեց գնդակ։ Մեջքին ստացած վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել էր։ Սպանության հավանական վարկածների շարքում դիտարկվում է Նեմցովի քաղաքական գործունեությունը, անձնական վրեժն ու նախկինում նրա բիզնես գործունեությունը։
Նեմցովի մահվան փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ սպանության և ապօրինի զնեք պահելու հատկանիշներով:
Մարտի 8-ին մոսկովյան դատարանն արտոնել է Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալված հինգ անձանց կալանավորումը։ Դատարանն ընդունել է հետաքննության փաստարկներն այն մասին, որ գործով կասկածյալները կարող են թաքնվել, սպառնալ վկաներին կամ վերացնել ապացույցները: Մինչ այդ հայտնի էր դարձել Չեչնիայի Հանրապետության ՆԳ «Հյուսիս» գումարտակի նախկին ծառայող Զաուր Դադաևի, ինչպես նաև մոսկովյան մասնավոր պահակային ձեռնարկություններից մեկում աշխատող ոմն Անզոր Գուբաշևի ձերբակալության մասին։ Հաջորդ օրը ձերբակալվել էին ևս երեքը, դրանց թվում Գուբաշևի կրտսեր եղբայրը։ Դադաևը պատմել է Նեմցովի սպանության դրդապատճառների մասին։
Նրա խոսքով, հանցագործությունը կատարվել է մահմեդականների ու նրանց կրոնի վերաբերյալ մի քանի անգամ արված Նեմցովի հայտարարությունների համար: Դադաևը հայտարարել է, 2015-ի հունվարին տեղեկացել է, որ Նեմցովը մի քանի անգամ անթույլատրելի արտահայտություններ է թույլ տվել Ռուսաստանում ապրող մահմեդականների, Մուհամմեդ մարգարեի և իսլամի մասին: Լինելով խիստ հավատավոր մարդ, Դադաևը չի կարողացել հանդուրժել նման վարքագիծը:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց