Չեմ հասկանում՝ ինչից է նման խառնաշփոթ առաջացել. Փաստաբան Տիգրան Խուրշուդյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Հայաստանի Փաստաբանների պալատի խորհուրդը վերջերս որոշել էր խիստ նկատողություն հայտարարել փաստաբաններ Երվանդ Վարոսյանին և Տիգրան Խուրշուդյանին. կարգապահական տույժի սահմաններում նրանք պետք է իրենց հաշվին անցնեն դեոնթոլոգիայի, այսինքն՝ մասնագիտական էթիկայի, դասընթացներ:
Փաստաբանները խիստ նկատողություն ստացան մայիսի 27-ին Պալատի խորհրդի նիստում Վարոսյանի և Խուրշուդյանի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ըստ որոշ տեղեկությունների, փաստաբան Խուրշուդյանը վեճի ժամանակ պլաստմասե շիշ էր նետել փաստաբան Լուսինե Սահակյանի ուղղությամբ, իսկ Երվանդ Վարոսյանն էլ պաշտպանել էր տիկին Սահակյանին, և վեճը հասել էր քաշքշուկի: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարգապահական վարույթ էր հարուցել և արդյունքում փաստաբանները խիստ նկատողություն ստացան:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը պատրաստվում է բողոքարկել ՓՊ խորհրդի որոշումը: Նրա ներկայացուցիչ մեկ այլ փաստաբան Գրիշա Բալասանյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ իրենք համաձայն չեն Խորհրդի որոշման հետ և պատրաստվում են դատարանում բողոքարկել այն:
Իսկ մյուս կողմը՝ փաստաբան Տիգրան Խուրշուդյանը չի շտապում որևէ գնահատական հայտնել ՓՊ Խորհրդի որոշման վերաբերյալ:
«Ես այս պահին չեմ կարող ասել Փաստաբանների պալատի խորհուրդը օբյեկտի՞վ է նման որոշում կայացրել, թե՞ ոչ: Պետք է որոշումը ձեռքիս լինի, տեսնեմ, նոր միայն գնահատականս հայտնեմ դրա վերաբերյալ»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Խուրշուդյանը:
Անդրադառնալով տեղեկություններին, թե ինքը պլաստմասե շիշ է նետել տիկին Սահակյանի ուղղությամբ, փաստաբանն ասաց, որ նման բան չի եղել:
Փաստաբանի համար տարօրինակ էր, որ մայիսին տեղի ունեցած «դեպքը հիմա են հիշել»:
«Պետական գաղտնիք է՞ր, որ մինչև հիմա չէին խոսում, իսկ հիմա չգիտեմ՝ ինչից ելնելով սկսել են խոսել», -նկատեց փաստաբան Խուրշուդյանը:
Մեր հարցին, թե նման դեպք եղե՞լ է, Խուրշուդյանը պատասխանեց. «Չէ, նման դեպք չի եղել: Չեմ հասկանում՝ ինչից է նման խառնաշփոթ առաջացել»:
Փաստաբան Հայկ Ալումյանը Facebook սոցիալական ցանցում Փաստաբանների պալատի խորհրդի որոշման վերաբերյալ իր կարծիքն հայտնելով, գրել էր, որ Խորհուրդն իր համար դարձել է «ոչ վստահելի մի մարմին, որի հետագա որոշումներից և ոչ մեկն ինձ մոտ չեն առաջացնի ոչ հարգանք և ոչ էլ` դրանց հետևելու ցանկություն»:
Ինչ վերաբերում է Երվանդ Վարոսյանին Խորհրդի կողմից հայտնած խիստ նկատողությանը, Ալումյանը գրել էր. «Տեղյակ լինելով այն միջադեպի մանրամասներին, որը համապատասխան կարգապահական վարույթի հիմք է հանդիսացել, կարող եմ ասել, որ այդ միջադեպի ընթացքում ես ինքս էլ կվարվեի ճիշտ այնպես, ինչպես վարվել է Երվանդը: Ավելին, համոզված եմ, որ տղամարդկանց գերակշռող մեծամասնությունն այդ միջադեպի ժամանակ իրանց պարտքը կհամարեին վարվել այնպես, ինչպես վարվեց Երվանդը: Կարծում եմ` Փաստաբանների պալատի խորհուրդի որոշման արդյունքում տուժեց ոչ այնքան Երվանդը, որքան` Խորհուրդը»:
Նշենք, որ Փաստաբանների պալատի խորհուրդը, որը ձևավորվել է 2013 թվականի մարտի 9-ին կայացած ՓՊ ընդհանուր ժողովի ընտրության արդյունքներով, կազմված է 13 անդամից՝
1. Զոհրաբյան Արա - Խորհրդի նախագահ
2. Առուստամյան Մելանյա
3. Մեժլումյան Կարեն
4. Սահակյան Լուսինե
5. Բաղդասարյան Նիկոլայ
6. Հակոբյան Ռուբեն
7. Վարոսյան Երվանդ
8. Գյոզալյան Գևորգ
9. Աղաջանյան Կարապետ
10. Սիմոնյան Լիպարիտ
11. Բաբայան Սիմոն
12. Փանոսյան Մարտուն
13. Հարությունյան Նելլի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին