Ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ հանրահավաք է անցկացվել Հաագայում. Դրան մասնակցել են նաև հոլանդացի խորհրդարանականներ
Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ Հաագայում Նիդերլանդների խորհրդարանի դիմացի Het Plain հրապարակում Հոլանդահայ կազմակերպությունների դաշնության «Ապրիլ 24» կոմիտեն և Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, «Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ» անվամբ, նախօրեին անցկացրել են հանրահավաք, որին ներկա էին հինգ հարյուրից ավել ցուցարարներ:
Հանրահավաքի ընթացքում ելույթ են ունեցել խորհրդարանի անդամներ Քեյս վան դեր Ստայը /Kees van der Staaij-SGP/, Հարրի վան Բոմմելը /Harry van Bommel–SP/, Յոել Վորդեվինդը /Joսl Voordewind–CU/: Նրանց ելույթի ընթացքում խորհրդարանի շենքի դուրս են եկել և, հանրահավաքին միանալով, ելույթներ ունեցել պատգամավորներ Կատլեն Ֆերյերը /Kathleen Ferrier–CDA/ և Հան Տեն Բրուկը /Han Ten Broeke–VVD/: Ելույթներ են ունեցել նաև Հաագայում Իսրայելի տեղեկատվության և վավերագրության կենտրոնի տնօրեն Ռոնի Նաթանիելը, հոլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բոլոր ելույթներում կոչ է արվել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերջ տալ ժխտողականության քաղաքականությանը: Պատգամավորներից Յոել Վորդեվինդը, վան դեր Ստայը և Հան Տեն Բրուկը նշել են նաև, որ իրենք աջակցում են Հաագայում Ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման հոլանդահայ համայնքների մտադրությունը: Նիդերլանդների հրեական կառույցների անունից այդ գաղափարին իր աջակցությունն է հայտնել նաև Ռոնի Նաթանիելը:
Ելույթների ավարտից հետո հանրահավաքի մասնակիցների անունից կազմակերպիչների պատվիրակությունը մտել է խորհրդարանի շենք և խնդրագիր հանձնել Երկրորդ Պալատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին և անդամներին:
Հանրահավաքն ավարտվել է դեպի Թուրքիայի դեսպանություն կատարված երթով:
Նշենք, որ հանրահավաքը նկարահանվել է էր հոլանդական մի շարք և Թուրքիայից ժամանած երկու հեռուստաընկերությունների կողմից: Վերջիններս նկարահանել են նաև Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին հանրահավաքի անունից խնդրագրի հանձնումը:
Նույն օրն, ավելի ուշ, նշված հրապարակում ցույց էին կազմակերպել ադրբեջանական և թուրքական համայնքների ներկայացուցիչները, որին մասնակցել են առավելագույնը 40 հոգի:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց