Հայաստանը և Լեհաստանը պարտավորվել են հեշտացնել երկու երկրների միջև գործող արտոնագրային ռեժիմը
Հայաստանը շատ պրագմատիկ դիրքորոշում է որդեգրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում: Այսօր Երևանում կայացած ասուլիսում հայտարարեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին` հույս հայտնելով, որ այդ գործընթացը կողմերի համար բարեհաջող ավարտ կունենա:
Սիկորսկին ասաց, որ հայ-լեհական հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն և իրենք այնպես են անում, որ դրանք զարգանան կյանքի բոլոր ոլորտներում:
Նա ասաց, որ լեհ գործարարներն արդեն բիզնես ծրագրեր են ներկայացրել` Հայաստանում բիզնես ծավալելու համար, մնում է` դրանք հաստատվեն: Խոսեց նաև անցագրային ռեժիմի դյուրացման կամ դրա վերացման անհրաժեշտության մասին` հատկապես այն պարագայում, երբ Երևան-Վարշավա ուղիղ չվերթ արդեն իսկ գործում է:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նշեց, որ Հայաստանն էլ է շահագրգռված ու պատրաստ է հեշտացնել երկու երկրների միջև գործող անցագրային ռեժիմը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են անցագրային ռեժիմի դյուրացման նպատակով կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Հայ-լեհական հարաբերությունները վերջին շրջանում, ըստ նախարար Նալբանդյանի, ակտիվացել են` մարտին Հայաստան է այցելել Լեհաստանի վարչապետ Դ. Տուսկը, մի քանի օր առաջ տարանցիկ այցով Երևանում է եղել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
«Երկու երկրների միջև առկա է իրավապայմանագրային մեծ դաշտ, որը հետագա համագործակցության հիմք է»,- հավելեց Նալբանդյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին