61 տրակտոր Ճապոնիայից` Հայաստանին
Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է 61 տրակտոր: Ներկրված տեխնիկան կենտրոնացվել է Նուռնուս համայնքում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարության մեքենատրակտորային կայանում, որտեղից դրանք կբաշխվեն հանրապետության մարզեր` հնարավորություն տալով ֆերմերներին գյուղատնտեսական աշխատանքները ժամանակին և ավելի արդյունավետ կազմակերպել:
Գյուղտեխնիկան Հայաստան է ներկրվել Ճապոնիայի կառավարության հատկացրած 170 մլն իեն արժողությամբ հերթական դրամաշնորհով` Ճապոնիայի «Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության (ODA)» «Դրամաշնորհային աջակցություն սակավապահով ֆերմերների համար» ծրագրի շրջանակում:
1997 թվականից սկսած` Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրված դրամաշնորհների շնորհիվ արդեն ձեռք են բերվել 63 հացահատիկահավաք կոմբայն և 366 տարբեր հզորության տրակտորներ` ներառյալ այսօր հանձնված 61 տրակտորը, որոնք համալրված են համապատասխան գյուղատնտեսական գործիքներով:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` տրակտորների հանձնման արարողությանը ներկա է գտնվել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: