Մատվեյ Գանապոլսկի . «Մի´ խանգարեք Իլհամ Ալիևին՝ ներշնչել իր հասարակությանը, որ ինքը հաջողված ու վճռական քաղաքական գործիչ է»
Ադրբեջանը պատերազմ չի սանձազերծի: Լրագրողների հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքական վերլուծաբան Մատվեյ Գանապոլսկին: Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից զինված հարձակումը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ անիմաստ քայլ է: Անիմաստ է՝ հենց Ադրբեջանի տեսանկյունից, քանի որ, ըստ վերլուծաբանի, ցանկացած պատերազմ իրենից նաև պարտություն է ներկայացնում: Բոլորն իրենց տնտեսական շահերն ունեն, որոնք շրջանցելը ճիշտ չէ, ուստի, ըստ Գանապոլսկու, իրատեսական չէ կարծիքը, որ Ադրբեջանը պատերազմական գործողություններ կսկսի՝ անտեսելով այս ամենը:
« Մի´ խանգարեք Իլհամ Ալիևին՝ ներշնչել իր հասարակությանը, որ ինքը հաջողված ու վճռական քաղաքական գործիչ է: Ինչու՞ եք դուք, հայերդ, խառնվում Ադրբեջանի ներքին գործերին: Կա հզոր քաղաքական գործիչ Իլհամ Ալիև, նա բացատրում է իր հասարակությանը, որ եթե որևէ մեկը խանգարի իրեն, կպատժվի.. Ինչու՞ եք նրան խանգարում, մարդն իր ժողովրդի համար մշակած ռազմավարություն ունի…»:
Գանապոլսկին խորհուրդ է տալիս հաշվի առնել նաև այն հանագամանքը, որ հարձակմանը կհաջորդի նաև միջազգային հանրության խիստ արձագանքը, իսկ Ադրբեջանը դա անտեսել չի կարող: «Ռուսաստանը մտավ Վրաստան, և դուք տեսաք՝ այդ ամենն ինչով ավարտվեց»,- նշել է Գանապոլսկին՝ շեշտելով նաև այն հանգամանքը, որ Եվրոպան ու ԱՄՆ պայթյունավտանգ Իրանի կողքին հակամարտությունների հրահրման կողմնակից չեն: Իսկ Ադրբեջանն, այս ամենից բացի, ըստ Գանապոլսկու, չի կարող հաշվի չնստել նաև տնտեսական կորուստների հետ, որոնք անխուսափելի կլինեն՝ զինված հարձակման դեպքում:
«3 քառակուսի մետր վիճելի տարածքը չարժե 3 տրիլիոն կորսված գումարի, իսկ ես կարծում եմ, որ Իլհամ Հեյդարովիչը շատ խելացի քաղաքական գործիչ է, ու նրա հիանալի հատկանիշներից մեկն այն է, որ նա փող հաշվել գիտե»,-ասել է քաղաքական վերլուծաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ