Dress code ԱԺ լուսաբանող լրագրողների համա՞ր
«Ես նախագահին խնդրելու եմ, որ այսուհետև Ազգային ժողովի շենք մտնողների համար «դրես կոդ» (Dress code) պահպանվի», -այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:
Հիշեցնենք` լրագրողների հետ հանդիպման պատճառը նրանց դժգոհությունն էր ԱԺ նոր օվալաձև դահլիճում լրագրողների համար հատկացված տեղից ու աշխատանքային ոչ լիարժեք պայմաններից:
Ղարիբջանյանը լրագրողների բողոքը լսելուց առաջ հայտարարեց. «Եկեք սկսենք «դրես կոդից», մի հատ եկեք, ներքևից ձեզ նայեք, խոսքը աղջիկների մասին է, մտածեք ո՞նց լուծում տանք էդ հարցին»:
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչ է հասկանում ԱԺ աշխատակազմի ղեկավարը dress code ասելով:
«Դրես կոդ ասելով ես հասկանում եմ, որ ԱԺ աշխատակազմից սկսած ցանկացած ելումուտ ունեցող պետք է այնպես հագնվի, որ ներքևից վերևից նայելուց որևէ արտառոց բաների մասին չխոսվի»,- պատասխանեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: