Անհրաժեշտ սարքն ու համակարգիչները կտեղադրվեն, իսկ ապակյա պատնե՞շը. Ղարիբջանյանը լսել է բողոքող լրագրողներին
Ավանդույթներն են փոխվել: Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող և ստեղծված նոր պայմաններից դժգոհ լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպես պատճառաբանեց նրանց բողոքը ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը ու հավելեց. «Առաջին օրն է, այս փուլը ժամանակ է պահանջում, որպեսզի սովորեք»:
Նշենք, որ այսօր խորհրդարանի նոր դահլիճում մեկնարկած նիստը լուսաբանելիս լրագրողների համար աշխատանքային լիարժեք պայմաններ ստեղծված չէին: Մասնավորապես ռադիոլրագրողներն ունեին ձայնագրելու ու նորմալ ձայն ստանալու խնդիր, իսկ ձայնագրելու համար լրագրողները ստիպված էին ձայնագրիչը կամ միկրոֆոնը ձեռքով բարձրացնել լրագրողների համար նախատեսված խցի միակ սարքի ուղղությամբ: Ընդ որում, ձայանգրելիս հնարավոր չէր հետեևել խորհրդարանականների աշխատանքը:
Ղարիբջանյանի հետ հանդիպման ժամանակ հնչեցված այս բողոքին ի պատասխան, ԱԺ աշխատակազմի ղեկավարը խոստացավ լրագրողների աթոռների վրա ձայնագրման համար անհրաժեշտ տեխնիկա տեղադրել, ինչպես եղել է նիստերի նախկին դահլիճում:
Լրագրողների մեծ մասը դժգոհ էր ապակյա պատնեշից, որը նրանց բաժանում է խորհրդարանի նիստերի դահլիճից. Լրագրողների համար նախատեսված խցում նստելիս դահլիճի մեծ մասը չի երևում, իսկ կանգնել, անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս:
«Շենքը ունի ճարտարապետական խումբ, որը նախագծել է, հիմա իրանք այդպես են նախագծել: Եթե այդ նախագիծը խնդիրներ է առաջացնում, խնդրեմ, պարոն Աբրահամյանին զեկուցեմ, ասեմ, որ ապակին մարդկանց մոտ կլաուստրոֆոբիա է առաջացնում», -ապակու գոյությունից դժգոհ լրագրողներին պատասխանեց Ղարիբջանյանը` միևնույն ժամանակ նշելով, որ սրտանց ուզում են, որ լրագրողների համար աշխատանքային լավ պայմաններ ապահովեն:
Լրագրողները նաև դժգոհ էին այն բանից, որ պատգամավորների հետ անմիջապես շփվելու և նրանց հարցեր տալու հնարավորությունը նվազեցված է, քանի որ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս լրագրողներին մյուս կողմից մոտենալ դահլիճին:
«Ես այսօրվանից անվտանգության բոլոր աշխատակիցներին կհրահանգեմ, որ բոլոր լրագրողներին թույլ տան մոտենալ կարմիր ֆոյե ու կհրահանգեմ, որ այնտեղ տեղադրվեն մոնիտորներ, որ համ հետևեք նիստին համ էլ պատգամավոր գտնեք», -հուսադրեց Ղարիբջանյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ լրագրողների աշխատանքային սենյակներում կտեղադրվեն մի քանի համակարգիչներ, որպեսզի լրագրողները ստիպված չլինեն գրելու համար երրորդ հարկից իջնել առաջին հարկ:
Հիշեցնենք, որ ստեղծված աշխատանքային ծանր պայմանները ստիպել էին լրագրողներին բոյկոտել լուսաբանել ԱԺ աշխատանքները: