ԱԳՆ-ն թեյարան չէ. Թուրք գործիչներին այսօր հիշեցրեց հայ թուրքագետը
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղի մտցնելուց հետո թուրքական կողմն այժմ իմիտացիոն քաղաքականություն է որդեգրել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը, ապա գաղտնի բանակցությունների, Ցյուրիխ-2-ի, բասկետբոլային դիվանագիտության մասին խոսակցությունները իմիտացիա որակեց:
«Դրանք միտված են ցույց տալու և մոլորեցնելու միջազգային հանրությանը առ այն, որ հայ-թուրքական գործընթացը ոչ թե սառեցված է, այլ շարունակվում է»,-ասաց բանախոսը, հիշեցնելով, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը մի քանի անգամ հերքել է գաղտնի բանակցությունների մասին մերթընդմերթ տարածվող լուրերը:
Մելքոնյանը պնդեց, որ այդ քաղաքականության շրջանակում պետք է տեղավորել վերջերս ակտիվացած հասարակական դիվանագիտությունը` համատեղ կոնֆերասների անցկացում, փոխայցելություններ, հանդիպումներ և այլն: «Հայաստան են գործողվում մի շարք թուրքական էմիսարներ: Նմանատիպ վերջին երևույթներից է «Հզոր Թուրքիա» կոչվող կուսակցությունը և դրա շատ տարօրինակ բեմելը Հայաստանում»,-մասնավորեցրեց Մելքոնյանը: Ըստ նրա հրապարակած տվյալների, «Հզոր Թուրքիա» կուսակցությունը Թուրքիայում որևէ հենք, վարկանիշ ու հասարակական աջակցություն չունեցող ուժ է, որի նման հարյուրավոր կուսակցություններ կան: Օրինակ, վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ` 2006-ին, այդ կուսակցությունը 79 մլն բնակչություն ունեցող Թուրքիայում 509 ձայն է հավաքել: «Ակնհայտ է, որ թուրքական իշխանությունները ակտիվացնելով այս կուսակցությանը նրանց դրդել են շատ պրիմիտիվ քայլերի, բացահայտվեց, որ սա թուրքական իշխանության հերթական փուչիկներից է»,-եզրակացրեց մասնագետը:
Նա ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքին, որ նրանց արտահայտած տեսակետները նույնությամբ համընկնում են Թուրքիայի պաշտոնական դիրքորոշման հետ, նկատեց, որ նրանց հայտարարություններում հակասություններ կան` նրանք հայատրարում են, որ իրենց արածը հասարակական նախաձեռնություն է, ապա ցանկություն են հայտնում հանդիպել ԱԳ նախարարության ներկայացուցիչների հետ:
«Նրանք ցանկանում են հանդիպել ոչ թե հասարակական դիվանագիտության ներկայացուցիչներ, այլ` քաղաքական»,-նկատեց բանախոսը, հիշեցրեց թուրք հյուրերին, որ Հայաստանի ԱԳ նախարարությունը թեյարան չէ, որտեղ թեյ խմելու ցանկություն են հայտնել թուրք գործիչները:
Հիշեցնենք, որ «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը և փոխնախագահ Բայբարս Օրսեքը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ուրբաթ օրը` ասուլիսից հետո նախազգուշացվել են, որ նրանց դրսևորած վարքագիծը և անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են և նրանց առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը:
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. ՔՊ անդամներ արդեն իսկ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ