ՀՀԿ-ը, ԲՀԿ-ը, ՕԵԿ, ՀԱԿ, ՀՅԴ ու «Ժառանգություն». Այս կուսակցությունները «շանսեր ունեն խորհրդարան անցնելու»
«Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կանխատեսումները` կայանալիք ԱԺ ընտրությունների վերաբերյալ, այս անգամ գրեթե չէին փոխվել:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, սոցիոլոգն ասաց, որ խորհրդարանում հայտնվելու շանսեր ունեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ը:
Ա. Ադիբեկյանը նշեց, որ վերջնական հարցումները իրենք անում են ընտրություններից մեկ շաբաթ առաջ, երբ մարդիկ արդեն կողմնորոշված են լինում: Այդ հարցումներից, ըստ նրա, քաղաքական ուժը կամ գործիչը կարող է վերջնական եզրակացություն անել: «6 գործոնների հիման վրա կարող ենք կանխատեսել, թե որ կուսակցությունը շանսեր ունի անցնել ԱԺ: Հաշվի ենք առնում անդամների ու տեղական կառույցների թվաքանակը, կառույցների աշխատունակությունը միջընտրական շրջանում, ֆինանսական կարողությունները, համայնքների ղեկավարների թվաքանակը, որոնք պատկանում են տվյալ կուսակցությանն ու հեղինակավոր անձերի թվաքանակը, որոնք մտնում են կուսակցության մեջ»,-ասաց նա:
Օրինակ` սոցիոլոգը նշեց, որ համայնքներից 675–ի ղեկավարները ՀՀԿ-ի անդամներ են, իսկ «տեղական ղեկավարների կարծիքը մարդկանց համար, ըստ հարցումների, ավելի ազդեցիկ են»: Ըստ նրա, այն կուսակցությունը, որը տիրապետում է ադմինիստրատիվ ռեսուրսների` մեծ շանսեր ունի ընտրություններում:
Ա. Ադիբեկյանը նշեց, որ Երևանում ընդդիմությունն ավելի մեծ շանսեր ունի ձայներ կորզելու, քան իշխանական կոալիցիոն կուսակցությունները: Այս իսկ պատճառով, «Սոցիոմետր»-ը ՀԱԿ-ի շանսերը Երևանում մեծ է համարում, բայց մարզերում` ոչ:
Ֆինանսական ռեսուրսներով, ըստ նրա աչքի են ընկնում ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն, որոնք կարող են լավ գովազդային արշավ ապահովել: Բացի այդ, սոցիոլոգը մեծ ուշադրություն հրավիրեց մարդկային ռեսուրսների վրա:
ՀՅԴ-ն այս ընտրություններում, Ադիբեկյանի խոսքով, շանսեր ունի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ունեցած իր խիստ ու ընդգծված դիրքորոշման համար: Իսկ «Ժառանգության» շանսերը, կլինեն ի շնորհիվ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշի: «ՕԵԿ»-ի ադմինիստրատիվ հնարավորությունները, սոցիոլոգի խոսքով, այս անգամ ևս շանսեր կտա կուսակցությանը կայանալիք ընտրություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին