ՕՄՕՆ-ականները շրջապատել են Մոսկվայի Մանեժնի հրապարակը
Մոսկվայի կենտրոնում Մանեժնի հրապարակը վերցված է իրավապահ մարմինների ու ՕՄՕՆ-ականների խիստ հսկողության ներքո: Ոստիկանության ունեցած տվյալներով, նշյալ վայրում զանգվածային ծեծկռտուք է նախատեսված մոսկվայաբնակ կովկասցիների ու ֆուտբոլային երկրպագուների միջև: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Ոստիկանության ստացած տեղեկությունների համաձայն, ծեծկռտուքի մասնակիցների հավաքը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 18:00-ին, ուստի իրավապահ մարմինները կոչ են անում մայրաքաղաքի բնակիչներին` զերծ մնալ քաղաքի կենտրոնում, մասնավորապես Մանեժնի հրաժարակում չարտոնված հավաքին մասնակցելուց;
Հիշեցնենք, դեկտեմբերի 11-ին նույն Մանեժնի հրապարակում զանգվածային բախումներ էին արձանագրվել ոստիկանական ուժերի ու ազգայնականների միջև, որոնք ֆուտբոլային Սպարտակ ակումբի զոհված ֆան Եգոր Սվիրիդովի հիշատակին նվիրված բողոքի ակցիան վերածել էին ազգայնականների հանրահավաքի:
Ակցիայի մասնակիցներից ոմանք ազգայնական բովանդակության լոզունգներով էին հանդես եկել, ծեծել ոչ սլավոնական արտաքինով անցորդների, ինչը ի վերջո վերածվել էր ոստիկանների հետ զանգվածային բախումների: Գործով ձերբակալվածների թիվն անցել է 80-ը: Տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 40-ից ավել մարդ: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Մանեժնի հրապարակում կատարվածը որակել էր որպես հանցագործություն ու հանձնարարել է պատասխանատվության ենթարկել բախումների հրահրիչներին: