Դավութօղլու. Արդեն երկխոսելու և համաձայնության գալու ժամանակն է
Ստամբուլում հրավիրված տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀՄ- EİT) գագաթաժողովի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է լրագրողների հետ և պատասխանել նաև Հայոց ցեղասպանության բանաձևին առնչվող հարցերին: Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) պարբերականի տեղեկացմամբ` Դավութօղլուն իր գոհունակությունն է հայտնել հայկական բանաձևի ձախողման կապակցությամբ և շնորհակալաբար արտահայտվել ԱՄՆ նախագահի, պետքարտուղարի ու ամերիկյան իշխանությունների հասցեին:
«Պատմական իրադարձություններին քաղաքական ատյաններում գնահատական տալը սկզբունքորեն սխալ մոտեցում ենք համարում: Թուրքիայի դիրքորոշումն այդ հարցում ծայրաստիճան հստակ է. պատմական անցքերի առնչությամբ ցանկացած առերեսման, ցանկացած աշխատանքի պատրաստ ենք: Հայաստանի ու Թուրքիայի, հայերի ու թուրքերի միջև պատմական հաշտության հասնելու համար մենք պատրաստ ենք ամեն տեսակ աշխատանքի: Միայն թե պատմական այդ իրադարձությունները չպետք է մեր երկրի դեմ բանեցվեն որպես շանտաժի գործիք ու դամոկլյան սրի պես կախված մնան թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա»,- ասել է Դավութօղլուն` հույս հայտնելով, որ հետագայում թուրք-ամերիկյան և հայ-թուրքական հարաբերությունները վտանգող նման նախաձեռնություններ չեն լինի ԱՄՆ-ի օրենսդիր մարմնում: Նրա խոսքով` արդեն ժամանակն է երկխոսելու, բանակցելու և համաձայնության գալու:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի պատրատակամության մասին տարբեր ամբիոններից բարձրաձայնող թուրք պաշտոնյաները գործնականում հենց խոչընդոտում են կարգավորման գործընթացին, արգելափակում արձանագրությունների վավերացումը մեջլիսում, ղարաբաղյան հիմնախնդիրը նախապայման հռչակում և հարևան Հայաստանին շարունակում է ցամաքային շրջափակման մեջ պահել: Նշանակում է` հայկական հարցում թուրքական իշխանություններն իրականում պատրաստ են միայն խոսելու, այլ ոչ թե ասվածի համաձայն գործելու:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները