Տ. Դավթյան. «Չափազանց չափազանցված են հայկական կապիտալի տեղափոխման մասին լուրերը»
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ընդհանրապես «չափազանց չափազանցված» համարեց դեպի Վրաստան հայկական կապիտալի տեղափոխման մասին լուրերը: Ինչպես այսօր կայացած ասուլիսում նշեց նախարարը, ամեն տարի ՀՀ վիճակագրական ծառայությունը հրապարակում է, թե ինչքան ներդրումներ են արվում գործարարների կողմից այլ երկրներում
«Եռամսյակային տվյալներով այդ թիվը հրապարակվի ապրիլին: Հայաստանից ընդհանրապես չնչին չափերի կապիտալի արտահոսք կա»:
Տ.Դավթյանը չբացառեց, որ կան ընկերություններ, որոնք ներդրումներ են կատարում այլ երկրներում` Իրանում կամ Վրաստանում։
«Երբ կապիտալը մեծանում է, իր ծագման երկրում շուկան նեղանում է, ապա սովորաբար որոշակի ներդրումներ է արվում հարևան երկրներում, այսինքն` նոր շուկաներ է փնտրում: Դա նորմալ երևույթ է ցանկացած փոքր տնտեսություն ունեցող և զարգացող տնտեսություն ունեցող երկրների համար»,- ասաց Տ. Դավթյանը։ Նա օրինակ բերեց Հոլանդիային եւ Բելգիային, որոնցում շատ ակտիվ կապիտալի արտահոսք է տեղի ունենում։ Միաժամանակ նշվեց, որ օտարերկրյա ներդրումները Հայաստանում տարեկան հասնում են 1 մլրդ ԱՄՆ դոլարի:
«Բայց դա էլ ինչ-որ երկրներից է դուրս գալիս չէ՞, որ հասնում է Հայաստան: Եվ այդ երկրներում դա խուճապ չի առաջացնում».,- ասաց նախարարը:
Անդրադառնալով «Գրանդ Հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանի բիզնեսի Վրաստան հնարավոր տեղափոխման լուրերին, Տ.Դավթյանը նշեց.«Եթե չեմ սխալվում, այդ հարցի պատասխանը տրվեց և ասվեց, որ դա անհիմն է: Հ.Վարդանյանը մեր խոշոր գործարարներից է, հայրենասեր է, լավ աշխատում է, նորմալ հարաբերությունների մեջ ենք նրա հետ: Այսինքն` ինչպես Հ.Վարդանյանը, այնպես էլ մեր խոշոր գործարարները ոչ մի էական խնդիրներ չունեն երկրում, նորմալ աշխատում են, ունեն ծրագրեր, պլաններ, ոչ մի անհանգստացնող հիմք ես չունեմ»,- հայտնեց Տ.Դավթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները