Թուրք քրդական բախումներ. ցուցարարները բարիկադավորվել են
«Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ձերբակալման հերթական տարելիցի կապակցությամբ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում նկատվում են զանգվածային հուզումներ և անկարգություններ: Դեռևս նախօրեից սկիզբ առած քրդերի բողոքի ալիքը վերածվում է փողոցային մարտերի Հաքքարիում և Յուքսեքովա ավանում: Ցուցարարների ու ոստիկանական ուժերի բախման ժամանակ վերջիններս ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ:
Թուրքական «Milliyet» օրաթերթի տեղեկացմամբ` կան վիրավորներ և ձերբակալվածներ:
Դրությունը շարունակում է լարված ու պայթյունավտանգ մնալ հատկապես Հաքքարիի Քեքլիքփընար թաղամասում, որտեղ ցուցարարները բարիկադավորվել են և ստուգում են ներսուդուրս անող ավտոմեքենաների մեջ գտնվողների ինքնությունը: Խռովարարները ոստիկաններին դիմակայում են մոլոտովի կոկտեյլներ նետելով (դյուրավառ հեղուկով լցված շշեր): Հաքքարիում ու Յուքսեքովայում թուրք ուժայինները խստացրել են անվտանգության միջացառումները:
Հիշեցնենք, որ Օջալանը ձերբակալվել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և տեղափոխվել Թուրքիայի Իմրալը կղզի: 1999թ. հունիսի 29-ին Անկարայի 2-րդ Պետական Անվտանգության դատարանն Օջալանին դատապարտեց մահապատժի: Նա մեղադրվում էր զինված կազմակերպություն (PKK) հիմնելու և պետության ներսում անջատողական պայքար մղելու համար: Սակայն քրդերի և Արևմուտքի բարձրացրած դժգոհության արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1999թ. նոյեմբերի 25-ին մահապատիժը փոխարինեց ցմահ բանտարկությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց